News.am-ը գրում է․ «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը։ Մինչ այդ Յուրի Խաչատուրովի շահերը դատարանում ներկայացնում էր Գրիգոր Բեքմեզյանը, ով ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո դադարեցրել է փաստաբանական գործունեությունը:
Այսօր տեղի ունեցած Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստին Անահիտ Սարգսյանը հայտարարեց, որ ծանոթացել է գործի նյութերին։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:
Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը նշում է, որ աուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են և վերաբերելի չեն կոնկրետ անձի։
Յուրի Խաչատուրովի փաստաբանն էլ նշեց, որ սովորական ունկնդիրը, լսելով Ստեփան Գրիգորյանի խոսքը, կարող է միանգամից հասկանալ, որ այդ հայտարարությունն ուղղված է Յուրի Խաչատուրովին:
Նա հավելեց, որ Ստեփան Գրիգորյանի կողմից ներկայացված տեղեկությունները ոչ միայն արատավորում են հերոսական ուղի անցած, հայկական բանակի կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ–գնդապետի պատիվն ու արժանապատվությունը, այլևս բանակի հեղինակությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը