Tert.am-ը գրում է․ «Սա ամբողջությամբ սահմանադրաիրավական գործընթացներից դուրս մոտեցում է, սա միգուցե քաղաքական մոտեցում է, բայց իրավական առումով այս ամենին հնարավոր չէ գնահատական տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։
«Այս նախագիծը, ձևակերպումը իրավական բոլոր առումներով խնդիր ունի: Հետաքրքիր է, թե սա Ֆինանսների նախարարությունը ինչպես է արդարացնելու, քանի որ խոսքը շատ լուրջ բյուջետային ծախսի մասին է»,- ասաց Արամ Վարդևանյանը և հարց բարձրացրեց, թե առհասարակ ինչ ազդակ է սրանով փոխանցվում դատական իշխանությանը, և ինչ նպատակ են ցանկանում հետապնդել:
«Եթե սա լիներ մասնավոր իրավահարաբերությունների ոլորտում, կարելի էր ինչ-որ տրամաբանություն գտնել, բայց մենք խոսում ենք սահմանադրական արդարադատություն իրականացնող պաշտոնական անձանց մասին: Ես սա համարում եմ որպես Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի արժանապատվության նկատմամբ ոտնձգություն: Ինչպե՞ս կարելի է ասել՝ դուք հրաժարվեք ձեր սահմանադրական առաքելությունից, և մենք դրա դիմաց ձեզ փող կտանք. այդպես է ստացվում, ինչը հարիր չէ, բնորոշ չէ իրավական պետությանը»,- ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ Սահմանադրական դատարանի անդամ լինելն ինչ-որ աշխատավարձի դիմաց պաշտոն չէ, սա բարձրագույն առաքելություն է, արժանապատիվ առաքելություն է: Ըստ նրա` հասարակությունը պետք է ևս արձագանքի, քանի որ այդ գումարները տրամադրվում են պետական բյուջեից` հարկատուների կողմից ձևավորված գումարներով:
«Կարծես սա «գայթակղիչ» առաջարկություն լինի, որն ինքնին վիրավորական է ներկայացնել թե՛ Սահմանադրական, թե՛ Վճռաբեկ դատարանի դատավորներին»,- ասաց նա:
Արամ Վարդևանյանը գտնում է, որ սրանով ուզում են հասնել Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը, իսկ Սահմանադրական դատարանի կազմը փոփոխության պետք է ենթարկվի բացառապես Սահմանադրությամբ նախատեսված եղանակով, երբ յուրաքանչյուր դատավորի լիազորությունների ժամկետը կավարտվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը