Փաստաբան Լևոն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ քրեական օրենսգրքում կա մի շատ հետաքրքիր նորմ, որի համաձայն՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Քրեաիրավական պրակտիկայում այդ նորմը կիրառվեց նաև սույն թվականի մայիսի 20-ին դատարանների արգելափակման կապակցությամբ իմ և մի շարք այլ փաստաբանների կողմից ներկայացված հաղորդման առնչությամբ: Քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մեջ քննիչը նշել էր. <<...որևէ արարքի հատկանիշների միայն ձևական համընկնումը քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշների հետ չի կարող հանգեցնել այդ արարքը հանցավոր ճանաչելուն, եթե քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին դրանով էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել>>:Այլ կերպ ասած, քննիչը դատարանների արգելափակման գործընթացը համարել է հասարակական հարաբերություններին էական վնաս չպատճառող և մերժել է քրեական գործի հարուցումը նաև այդ հիմքով:Որոշումը բողոքարկված է, դատական նիստը կկայանա օգոստոսի 27-ին...
Դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում, մեղադրանք է առաջադրված զուտ այն բանի համար, որ նա ստորագրել է դատական նիստի արձանագրությունն առանց դատական նիստ փաստացի անցկացնելու, այն պայմաններում, երբ կողմերից որևէ մեկը ներկա չի եղել դատական նիստին ու չէր կարող այնտեղ տեղի ունենար այլ բան, քան արձանագրությամբ մեջ նշվել է: Նման վարքագիծ դրսևորում են գրեթե բոլոր դատավորները և դրանից երբեք չեն նեղվում կողմերը: Նեղվելու առիթ էլ չունեն:
Հիմա. Եթե մինչև անգամ մեղադրանքում շարադրված փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա այդ վարքագծով մի թե առավել էական վնաս է պատճառվել քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին, քան հանրապետության ողջ տարածքով դատարանների արգելափակմամբ?
Պարազպես, իմանանք ապագայի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը