06 08 2019

Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովերը» դեպքի վայրից հեռացնողը կալանավորվեց

Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովերը» դեպքի վայրից հեռացնողը կալանավորվեց

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ խոսքը Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) դեմ ենթադրյալ մահափորձի դեպքի մասին է, մեքենան դեպքի վայրից թաքցնողը՝ նրա թիկնապահը։

Ըստ Քննչական կոմիտեի, 2019 թվականի օգոստոսի 2-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել էր և ձերբակալվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով: Հայտնաբերվել էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ