24 07 2019

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարությունը առաջարկել է հաշտություն Արգիշտի Կիվիրյանին

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարությունը առաջարկել է հաշտություն Արգիշտի Կիվիրյանին

Եվրոպական դատարանում ավարտվել է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկելու ընթացքում քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից։ 

«Հարգելի ընկերներ,

Տեղեկացնեմ, որ Եվրոպական դատարանում ավարտվել է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկելու ընթացքում իմ՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ մեր բողոքի քննությունը։ 

Հունիսի 18-ին հրապարակվել է եվրոպական դատարանի որոշումը, որի համաձայն Հայաստանի կառավարությունն ընդունելով իմ իրավունքների խախտման փաստը, առաջարկել է 9000 եվրոյին համարժեք փոխհատուցում։

Հիշեցնեմ, որ բռնության ենթարկվելուց հետո հենց ինձ առաջադրվեց մեղադրանք ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ու ես հայտնվեցի ամբաստանյալի աթոռին, հետո տխրահռչակ դատավոր Արթուր Մկրտչյանի կայացված դատավճռով դատապարտվեցի, ու միայն վերաքննիչ քրեական դատարանն այդ գործով կայացրեց արդարացման դատական ակտ։

Շնորհավորում եմ մեր գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին, հերթական հաղթանակի կապակցությամբ։

Եթե այս որոշումը նպաստի, որ այլեւս Հայաստանում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն չկիրառվի, ես կհամարեմ, որ հաղթել եմ»,–նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ