23 07 2019

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Տավուշի նորանշանակ ոստիկանապետին

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Տավուշի  նորանշանակ ոստիկանապետին

Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը  ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին: Այս մասին հայտնում է ոստիկանությունից: Արմեն Գասպարյանը ոստիկանության համակարգում ծառայում է շուրջ 23 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ: Մինչ այս, զբաղեցնում էր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը: ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ծառայության համար և վստահեցրեց, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմը Արմեն Գասպարյանի ղեկավարությամբ էլ ավելի սրտացավ ու բարեխիղճ ծառայություն կիրականացնի:

Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրեց, որ վարչության անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր կլուծի պատվով ու բարձր պատասխանատվությամբ: Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև վերջերս Տավուշում տեղի ունեցած դեպքերին: Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին՝ ապա ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և բոլոր այն անձինք, որոնք կզբաղվեն ապօրինի ծառահատումներով, հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության: Ելույթ ունեցավ նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը բարեխիղճ ծառայության համար և պատրաստակամություն հայտնեց միասին պայքարելու հակաօրինական դրսևորումների դեմ: Քննարկվեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության գործառույթներին վերաբերող այլ հարցեր ևս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ