Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։
Նշենք, որ առաջին ատյանի երկու դատավորներ, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել են, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները։ Երկու դեպքում էլ դատարանը համարել է, որ այդ որոշմամբ խախտվել է անձանց իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։
Դատախազությունը համարում է, որ թե՛ Արմեն Գևորգյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումներն օրինական են: Դատախազության բողոքները Վերաքննիչ քրեական դատարանն արդեն վարույթ է ընդունել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը