«Հայաստանն այսօր ամենաանվտանգ երկրներից մեկն է աշխարհում: Եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակը 2018-ի հետ, ունենք մինուս մեկ, իսկ եթե հանենք նաեւ 2018-ից 2019-ին փոխանցված սպանությունները, ապա անգամ կարող ենք ունենալ մինուս 2-3 սպանություն»,- ՀՀ նախագահի նստավայրում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով օրերս «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությանը, ոստիկանապետը նշեց. «Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը: Այդ գործի հետ կապված իրականացվում են բոլոր օպերատիվ համալիր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ: Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործի շահերից»:
Վալերի Օսիպյանը հավելեց նաև, որ քրեական աշխարհը վերահսկելի է ոստիկանության կողմից:
Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ շատերի կարծիքով Վալերի Օսիպյանը ոստիկանապետ դառնալուց հետո ազատվեց գեներալի կոչում ունեցող փոխոստիկանապետերից, որպեսզի դիսկոմֆորտ չլինի, նա պատասխանեց.«Ես շատ տեղեր եմ աշխատել անգամ ղեկավար պաշտոնների, որտեղ իմ ենթականերն ավելի բարձր կոչումներ են ունեցել, քան ես: Ես նման կոմպլեքսներ չունեմ, նման խնդիրներ չեմ ունեցել և չի էլ կարող լինել: Մեզ՝ զինվորականներիս դա չի կաշկանդում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը