«Դուք տեսնում եք, որ որևէ օրինական հիմք չկա պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու։ Այդ ամեն ինչը կարմիր թելով անցնում է գործի միջով, սկսած նրանից, որ դատավորները զեկուցել էին, ամոթ է, իհարկե, էդպիսի բառ ասել, որ դատավորները կարող են զեկուցել, բայց դա մեր տերմինալոգիան չէ։ Դատավորները զեկուցել էին, որ գործը ջուր է, դեռևս անցյալ տարի վարչապետին։ Ամեն անգամ էլ ավելի ուժեղ ու խայտառակ անօրինական ազդեցություն է անհրաժեշտ լինում դատական համակարգի վրա, որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն կամ պահեն կալանքի տակ։ Եթե նախորդ տարի հերիք էր, որ ԱԱԾ տնօրենը զանգի դատավորին ու ասի՝ ուզես-չուզես պիտի կալանքը տաս, և դատավորը կալանքի տակ էր պահում պարոն Քոչարյանին, ապա հետզհետե բացահայտվեց ինչ աստիճանի ապօրինություններ են կատարվում, էդքան ավելի ազդեցություն է պահանջվում, որ էս գործով պարոն Քոչարյանին պահեն կալանքի տակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։
Պաշտպանը նշեց, որ դատավորները հասկանում են՝ ինչ աստիճանի խախտումների են գնում. «Նրանք չեն ուզում խախտումների գնալ, և 3 դատավոր ինքնաբացարկ հայտնեց, միայն թե չքննի էս գործը, գերադասեց պատժվել ԲԴԽ կողմից։ Դավիթ Գրիգորյանը որոշեց ճնշումների չենթարկվել։ Ու ավելի կոպիտ, ահասարսուռ միջամտություններ սկսվեցին, որ դատավորի հեռախոսի համարն ու տան հասցեն ձեռքից ձեռք էր փոխանցվում, որ հասկանում եք․․․ Գնալով դատական համակարգը սկսում է զգալ՝ ինչ աստիճանի կողծիքների վրա է կառուցված գործը, և գնալով գործադիր ու օրենսդիր իշխանությունների համար ավելի ու ավելի բարդ է դառնում ստիպել դատական համակարգին գնալ այդ խախտումներին։ Եվ ստիպելու ձևերը գնալով ավելի ու ավելի կոպտանում ու բիրտ են դառնում։ Այդ ամբողջ էվոլյուցիան կապված է նրա հետ, որ դատավորները հետզհետե սկսում են ավելի ու ավելի լավ հասկանալ, թե ինչքան բան պետք է խախտեն, երբ այս գործով կայացնեն Ռոբերտ Քոչարյանի դեմ որոշում»,- ասաց Ալումյանը:
Նա անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի հարազատների դատարանի դահլիճում ելույթներին ասաց. «Դահլիճում չկա մի մարդ, ամբողջ Հանրապետությունում էլ, որ չի կիսում վիշտը էն մարդկանց, որ կորուստ են ունեցել, բայց պետք է ասենք, որ ոչ ոքի թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար։ Իրենց օգտին բերված բողոքներն ամբողջությամբ հիմնված էին նրա վրա, որ պարոն Քոչարյանը 10 զոհի մեղավորն է, որ պարոն Քոչարյանը պետք է պատասխան տա 10 զոհի համար։ Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ եթե այդ 10 զոհից գոնե մեկի համար պարոն Քոչարյանն անմիջական պատասխանատվություն ունենար ու էդպիսի փաստ գոյություն ունենար, պատկերացնո՞ւմ եք, որ այդ փաստը քրեական գորներ, որ ՀՔԾ-ն այդ փաստը հարյուրապատիկ ուռճացված չներկայացներ բոլորիս։ Եթե դատախազությունն իմանար, որ չլինելով նման փաստ, կարող է ստեղծել, հաստատ կստեղծեր։ Դա ցույց է տալիս քրեական գործի ընթացքը։ Այն, ինչ կարողացել են ստեղծել պարոն Քոչարյանի դեմ, ստեղծել են։ Պարոն Քոչարյանին 10 հոգու սպանություն, 10 հոգուց գոնե մեկի սպանություն չի վերագրվում, էդպիսի փաստ չկա, և նույնիսկ էդպիսի փաստ ստեղծելու հնարավորություն չունեն իրենք»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը