«ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տրամաբանության ներքո, սրա մասին բազմիցս էր խոսվել, բայց ստիպված ենք նորից արձանագրել, դատարանի կողմից դատական վարույթի կասեցումը և ՍԴ դիմում ներկայացնելն ինքնին բողոքարկման ենթակա ակտ չէ։ Այն չի կարող նույնացվել ցանկացած այլ տեսակ կասեցման երևույթի հետ, և ես, իհարկե, մեծ ցավ եմ ապրում, որ նշված հարցը փաստացի նախագահող դատավորի նախաձեռնությամբ առհասարակ քննության առարկա չդարձավ՝ պաշտպանական կողմի դիրքորոշումների լույսի ներքո»,- այսօր հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ ՀՀ օրենսդրությունը դատարանների համար, այն դեպքերում, երբ կայացվում է որոշում կասեցնելու մասին, մեկ պարտականություն է նախատեսում՝ կայացնել նման որոշում և երեքօրյա ժամկետում այն փոխանցել ՍԴ. «Պատկերացրեք, եթե այն բողոքարկման ենթակա լիներ, ինչպիսի՞ պահանջ պետք է նախատեսված լիներ։ Օրինակ, որ դատարանը նման որոշում կայացնելուց հետո պետք է սպառի բոլոր հնարավոր բողոքարկման հնարավորությունները, նոր դրանից հետո փոխանցի ՍԴ-ին։ Բայց՝ ոչ, օրենսդիրը, սահմանադրական օրենքի մակարդակով, հստակ նախատեսել է պարտականությունը եռօրյա ժամկետում փոխանցելու»,- ասաց Վարդևանյանը։
Սահմանադրագետը նաև նկատեց, որ օրենսդիրը նաև նախատեսել է, թե կասեցնելուց հետո երբ է սկսում գործի վարույթը. «Մեկ դեպքում է վերսկսում, այն է՝ ՍԴ որոշումից հետո։ Ցանկացած որոշման, բայց ՍԴ որոշման, քանի որ որևէ մարմին սահմանադրականության վերաբերյալ վերջնական լուծում չի կարող տալ։ Պարոն Դավթյանն ասում է, որ ՍԴ-ն 2019 թվականին մի քանի որոշումներով, իբրև, անդրադարձ է կատարել դատարանների կողմից սահմանադրական նորմերի մեկնաբանման հարցին և իբրև քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը եռաստիճան դատական համակարգում քննության առարկա հանդիսանալու որևէ խնդիր չի արձանագրել»։
Վարդևանյանն անդրադառնալով այս հարցերին՝ ասաց․ «ՍԴ-ն 2019 թվականի հունվարի աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ հարցին՝ արդյո՞ք դատարանները կարող են վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ և արդյո՞ք կարևոր են առհասարակ մեկնաբանել սահմանադրական նորմերը։ ՍԴ-ն արձանագրեց, որ դատարանները, որպեսզի բացահայտեն՝ կա՞ սահմանադրականության խնդիր, թե ոչ, կարող են մեկնաբանել սահմանադրական նորմեր։ Բայց բոլդ ձևաչափով նշվել էր, որ այդ մեկնաբանությունները վերջնական չեն, համապարտադիր չեն։ Դրանից ենթադրվում է, որ նույնիսկ դատարանների, դատախազության համար, դատարանների սահմանադրական նորմերի մեկնաբանությունները վերջնական չեն, պարտադիր չեն, հետևաբար, իրավական հետևանք այնպիսին, ինչպիսին լինում են ՍԴ որոշումները, չեն կարող ունենալ։
ՍԴ դիմելը դատարանի պարտավորությունն էր։
Ինչպե՞ս կարող է վերաքննիչ դատարանը մեկնաբանել՝ արդյոք սահմանադրականության խնդիր կա՞, թե՞ ոչ։
Պատկերացրեք՝ այս տարիներին քանի՞ որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու, նաև՝ քրեական գործերով։ Եթե մենք դիտարկում ենք բողոքարկման հնարավորությունը, հարց է առաջանում՝ այսքան տարիների ընթացքում դատախազությունը քանի՞ անգամ է բողոքարկել քրեական գործի վարույթի կասեցման և ՍԴ դիմելու որոշումները։ Նման դեպք չի եղել։ Չի եղել ոչ թե նրա համար, որ նման կամք ու ցանկություն չի եղել, այլ՝ որովհետև դա չեն բողոքարկում։
Այն դեպքում, երբ վճռաբեկն է դիմում ՍԴ, ի՞նչ է լինում, դատախազությունը զրկվո՞ւմ է բողոքարկման հնարավորությունից, սահմանադրականության խնդի՞ր է առաջանում։
ՍԴ-ն երկարաձգեց ուսումնասիրման ժամկետը մեկ ամսով։ Ես ցավ ապրեցի, որ դատախազության ներկայացուցիչներից ոչ մեկն անդրադարձ չկատարեց այդ հարցին։ Իսկ այն, որ ՍԴ-ն 30 օրով երկրաձգեց ժամկետը՝ լրացուցիչ ուսումնասիրության համար։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է վեճի առարկան այնպիսինն է, որ նույնիսկ ՍԴ-ն է հավելյալ ժամկետի անհրաժեշտություն տեսնում ուսումնասիրության համար։ Սա ևս մեկ փաստ էր կասեցման հիմնավորվածության։
Փաստորեն, դատավոր Դանիելյանը որոշում է կայացնելու մի հարցի շուրջ, որը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է և ուսումնասիրելուց էլ լրացուցիչ ժամկետի կարիք է տեսնում։ Սա, իրոք, ցավալի է»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը