18 06 2019

Պարոն Դանիելյա՛ն, միշտ իմացեք, մենք ամեն ինչ հիշում ենք․ Երվանդ Վարոսյան

Պարոն Դանիելյա՛ն, միշտ իմացեք, մենք ամեն ինչ հիշում ենք․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Ախր, այ դատավոր Արմեն Դանիելյան, ախր այ «հարգելի դատարան», դու կարող ես նստել այդ աթոռին, կարող ես մուրճով սեղանին հարվածել, կարող ես խորհրդակցական սենյակ գնալ, որոշում տպել, անգամ կնիք դնել այդ որոշման վրա, բայց միևնույն է` դու նման գործ քննող չես։Երբ նայում եմ սև պատմուճանով Արմեն Դանիելյանին, լսում նրա «խիստ» դիտողությունները, մշտապես պաշտպանական կողմին ուղղված կշտամբանքները, «ներեցեք»-ը, «հարգելի պարոն»-ը, աչքիս առաջ է գալիս վերջին տասը տարվա նրա գործունեությունը առանձին դրվագներով։Դրվագներից մեկը, սակայն, ամեն անգամ դաժան վեթինգի անհագ ցանկությունն է առաջանում հոգումս։2009թ. հունիսի վերջին երկու երիտասարդներ դաժան ծեծի էին ենթարկվել ոստիկանության մի քանի աշխատակիցների կողմից, ու քանի որ արդյունքում նրանց ստացված վնասվածքների լրջությունը (քթի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, բազմաթիվ սալջարդներ) այլ տարբերակ չէր թողել, քան ոստիկանություն կանչել շտապ օգնություն, ոստիկանները փորձել էին երիտասարդներին մեղադրել իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իբր թե ի պատասխան կիրառված ուժը եղել է համաչափ։ Այդ ժամանակների «ադաթի» համաձայն երիտասարդներին առաջադրվեց մեղադրանք, ապա նրանց կալանավորելու միջնորդություններ ներկակացվեցին դատարան։Վիրակապված, հազիվ տեղաշարժվող երիտասարդներին առաջին ատյանի դատարանը հրաժարվեց կալանավորել, միջնորդությունը մերժվեց։ Երիտասարդները դատարանից անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց։

2009թ. հուլիսի 15-ի օրը երբեք չեմ մոռանա. հիվանդանոցից դատարան տեղափոխված երկու երիտասարդներին, որոնցից մեկն այդ օրն էր քթի վիրահատության ենթարկվել, նույն սև շորով դատավոր Արմեն Դանիելյանը կալանավորելու որոշում կայացրեց ու այդ վիճակում ուղարկեց «Նուբարաշեն» ՔԿՀ...

Արմեն Դանիելյանի որոշմամբ այդ տղաները ստիպված եղան 44 օր մնալ անազատության մեջ, մինչև որ ազատ արձակվեցին, ճանաչվեցին տուժող, իսկ նրանց ծեծի ենթարկած ոստիկաններին առաջադրվեց մեղադրանք...

Հ.Գ. երիտասարդներից մեկի` Արթուր Հակոբյանի նկատմամբ բռնությունների գործով քննությունն արդեն ավարտվել է նաև Եվրոպական դատարանում, սպասում ենք որոշման հրապարակմանը։

Հ.Գ.2 Պարոն Դանիելյա՛ն, դատավորի կերպարի մեջ տեղավորվելուց միշտ իմացեք, մենք հիշողության հետ լուրջ խնդիրներ ունենք` ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ