30 05 2019

ՀՀ սահմանադրւթյանը հակասող Ստամբուլյան կոնվեցիան չի կարող վավերացվել․ կարծիք

ՀՀ սահմանադրւթյանը հակասող Ստամբուլյան կոնվեցիան չի կարող վավերացվել․ կարծիք

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Նա գրել է․

«Ինչպես գիտեք, ապագայում նախատեսվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա), որն ընդունվել է 11.05.2011թ․Ստամբուլ քաղաքում։

Ստամբուլյան կոնվենցիան մեր կարծիքով հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և չի կարող վավերացվել:

Մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը զուգընկերների միջև։Նշված կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։Սրանից հետևում է, որ

ա) Կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր ազգական հանդիսացող անձինք,

բ) ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը:

Նշված իրավադրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

Այսինքն՝ Սահմանադրության իմաստով ընտանիք է համարվում արական և իգական սեռի անձանց ամուսնական միությունը, եթե պահպանվել են ամուսնական տարիքին և ամուսնության կարգին վերաբերող օրենսդրական պահանջները:

ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, ի կատարումն Սահմանադրության նշյալ պահանջի, սահմանում է ամուսնության կնքման թե՛ պոզիտիվ և թե՛ նեգատիվ պայմանները (ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները): Ընդ որում, Սահմանադրության 35-րդ հոդվածի տառին և ոգուն համապատասխան՝ Ընտանեկան օրենսգրքով հստակորեն ընդգծվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է, և արգելվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունը:

Ավելին՝ Ընտանեկան օրենսգրքի հետագա շարադրանքում հստակորեն տարանջատվում է նաև երեխայի ծնողների սեռային պատկանելությունը՝ բացառելով նույնասեռ անձանց կողմից երեխայի որդեգրման հնարավորությունը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ ակնհայտ է դառնում, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին:

Հ.Գ. 1. Հակասությունների վերաբերյալ տեղեկանքը կցվում է:

Հ.Գ. 2. Ի դեպ, Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018թ. N 13 (3/2018))»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ