Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել Երևանի Ազատության հրապարակում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի հայտարարության վերաբերյալ, որում ասվում է.
«Երևան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն` Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Նկատի ունենալով, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, և դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը ևս պատկանում է նրանց»:
Հիշեցնենք, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին՝ Երևանում երեկ անցկացված հանրահավաքում հնչեցված սպառնալիքների կապակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը