Politik.am-ը գրում է․ «Մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:
Այս պահին խոսակցություններ են շրջանառվում, թե ով է փոխարինելու Գագիկ Հարությունյանին։ Իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս պաշտոնին հասնելու համար իր բոլոր կապերը գործի է դրել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, փաստաբան Վահե Գրիգորյանը։ Նա նախկինում երեք անգամ փորձեց դառնալ Սահմանադրական դատարանի անդամ, սակայն հաջողության չկարողացավ հասնել։ Հիմա, փաստորեն, Վահե Գրիգորյանը նոր նպատակ ունի՝ դառնալ ԲԴԽ նախագահ։
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատարանները շրջափակելու գաղափարը եղել է հենց Վահե Գրիգորյանինը։ Նա վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ իրավական առումով որևէ խնդիր չի առաջանա,․ սակայն դեպքերի հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նա երիցս սխալվում էր։
Իշխանությունները սիրում են իրենց մեդիառեսուրսներով կրկնել, որ Վահե Գրիգորյանը անմրցելի իրավաբան է, սակայն իրականությունը այլ բանի մասին է վկայում։ Վահե Գրիգորյանը տասը տարի շարունակ խոսում էր Տեր-Պետրոսյանի «տնային կալանքի» մասին, այդ հարցով անգամ ՄԻԵԴ էր դիմել, սակայն ամիսներ առաջ պարզվեց, որ չի եղել տնային կալանք, ու այդ օրը Տեր-Պետրոսյանը հանգիստ կարող էր միանալ ցուցարարներին, իհարկե, եթե իր անվտանգությունը մի քիչ ստորադասեր հազարավոր ցուցարարների անվտանգությանը, որոնք իր հրամանով տեղից չէին շարժվում։ Քոչարյանի գործով անմրցելի իրավաբանը հայտարարում էր, որ բողոքարկելու է դատարանի վերջին որոշումը, սակայն հետագայում պարզվեց, որ նման իրավունք չունի։
Բազմաթիվ դատավորներ բացասական են վերաբերվում Վահե Գրիգորյանի հավանական նշանակմանը։ Գրիգորյանը ատելությամբ է լցված Հայաստանի դատավորների նկատմամբ և կարող է չհիմնավորված քայլերի գնալ։ Նրա նշանակումը ԲԴԽ նախագահի պաշտոնում կարող է տասնյակ դատավորների դժգոհության պատճառ դառնալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը