«Ես գտնում եմ, որ կոնկրետ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, հետեւաբար՝ եթե անգամ կասեցման որոշումը բողոքարկման ենթակա է , դա հետեւանք է Սահմանադրական դատարան դիմելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը. «Եթե անգամ բողոքարկվի, Վերաքննիչ դատարանը, տեսնելով, որ ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ, ուրիշ ի՞նչ պետք է անի, ենթադրաբար՝ մերժի»,-ասել է նա։
Կարեն Մեժլումյանը նշել է, որ օրենքն է սահմանում միջանկյալ այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման. «Սահմանադրական դատարան դիմելը դրանց թվում չէ, եւ ավելին ասեմ, դատարանը պարտավոր էր ՍԴ դիմել՝ նկատի ունենալով ՍԴ վերջին որոշումներից մեկը՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ»։
Պաշտպանը պնդել է, որ առաջադրված հոդվածում սահմանադրականության խնդիր կա. «Ես գտնում եմ, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ ՍԴ դիմելով, որովհետեւ օբյեկտիվ իրականության մեջ այդ խնդիրը կա, ուրեմն՝ ի՞նչ անել. մարդուն կալանքի տակ պահել, երբ նա ունի անմեղության կանխավարկած եւ ազատության իրավունք, գործը, ենթադրենք, 5 տարով քննել, եւ վերջում պարզել, որ սահմանադրականության խնդիր կա՞. դա կլիներ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ծախս»։
Կարեն Մեժլումյանը հավանական չի համարել, որ Վերաքննիչ դատարանը բողոքը կբավարարի, բայց եթե նման բան լինի, ըստ նրա, գործը կուղարկվի նույն դատավորին. «Այդ հանգամանքը ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ, իսկ որ Վերաքննիչը կարող է այլ կարծիք ունենալ եւ Առաջին ատյանը դա կատարի, նորմալ է, բայց դա վերաբերում է բողոքարկման ենթակա որոշումներին»։
Մեժլումյանի խոսքով՝ ՍԴ եզրահանգումից հետո միայն պարզ կլինի՝ կշարունակվի գործի քննությունը, եւ եթե այո, ապա ինչ ծավալով. «Մինչ ՍԴ-ն իր դիրքորոշումը չտա, ճիշտ չէր լինի այս գործը քննել»,-նշել է Կարեն Մեժլումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը