15 05 2019

Դռնփակ դատական նիստը կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը. Արամ Օրբելյան

Դռնփակ դատական նիստը կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր՝ մայսի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս փորձեց հատվածներ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն առարկեց ցուցմունքի հրապարակման կապակցությամբ, ինչը սակայն դատավորը մերժեց։ Այնուհետև դատախազը միջնորդեց մասնակի դռնփակ կարգով անցկացնել դատական նիստը և այդ հատվածը հրապարակել դռնփակ նիստի պայմաններում։

Դատարանը այս պահին դռնփակ կարգով քննում է դատախազի բարձրացրած հարցը։ Դատարանի որոշմամբ լրագրողները և դահլիճում ներկա գտնվող մյուս անձինք դուրս եկան նիստերի դահլիճից։

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ Արշակ Կարապետյանի ցուցմունքում որևէ պետական գաղտնիք չկա և որևէ հիմք չկա դռնփակ դատական նիստ չանցկացնի:

Արամ Օրբելյանը նշեց, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնփակ դատական նիստ անելու միջնորդության քննարկումը նույնպես իրականացվում է դռնփակ ռեժիմով:

«Դրա համար դատարանն ընդմիջում տվեց, որ քննվի և որից հետո դռնփակ կլինի: Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նաև ասաց, որ հղում են անում այդ հանգամանքի վրա, որպեսզի վկաները անջատ հարցաքննվեն:

«Այո՛, վկաներին միաժամանակ դահլիճում չեն պահում և չեն հարցաքննում միաժամանակ, բայց քանի որ գործի զգալի մասը վկաների հարցաքննություն է լինելու, դա չի նշանակում, որ կարող է անցկացվել դռնփակ, դա կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ