06 05 2019

Անչափաhասների նկատմամբ սեռական ոտնձգությունների թիվը նվազել է. ոստիկանություն

Անչափաhասների նկատմամբ սեռական ոտնձգությունների թիվը նվազել է. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսին, սակայն նշեց, որ գրականությանը ծանոթ չէ։

Նելլի Դուրյանը հիշեց մի օրինակ, երբ ՀԿ-ն ձեռնարկ էր տրամադրել, որը ներկայացնում էր թմրամիջոցների տեսակները և օգտագործման ձևերը։ Այն նախատեսված էր բարձր դասարանների աշակերտների համար:

«Ուսումնասիրվեց և ակնհայտ դարձավ, որ հակառակ էֆեկտը կունենա, ազդեցությունը ավելի վատ կլինի և երեխաները կիմանան թմրանյութերի օգտագործման ձևերը: Նույնը նաև ինտերնետայի խաղերին է վերաբերում»,-ասաց նա:

Նելլի Դուրյանը, ներկայացնելով վերջին 4 տարվա վիճակագրությունը, հայտնեց, որ 2016թ․ եղել է անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 80 հանցագործություն, 2017թ` 71, 2018թ․՝ 50, որից 19-ը՝ առաջին եռամսյակում, իսկ այս տարի եղել է 14 նման դեպք, այսինքն 5 դեպքով պակաս։

Հիշեցնենք, որ Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ