Մի խումբ ակտիվիստներ տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, քանի որ, նրանց պնդմամբ, գիրքը մանուկների շրջանում այլասերում է տարածում: Միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը:
Գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։ Այն նկարներով պատմում է երեխայի մարմնին «վտանգավոր և «վատ» հպումների մասին»:
Վահագն Չախալյանը, ով նույնպես ակտիվիստների թվում է եղել, այս գործով ոստիկանություն են կանչել:
«Հրատապությանը» հղում անելով՝ հետաքննիչը չհամաձայնվեց, որպեսի երկուշաբթի մոտենամ: Հավաքվելու անհրաժեշտություն չկա, ես փաստաբանի հետ կմոտենամ, հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ:
Հ.գ. Մեր գործն արդար է, ինչ անում ենք, մեր երեխաների ապագայի համար ենք անում, Պայքար մինչև հաղթանակ:
Հ.հ.գ. ԴԵՄ Եմ ԱԶԳԻՍ ֆիզիկական ոչնչացմանը, դեմ եմ 21-րդ դարի «փափուկ ուժով ցեղասպանությանը»,-գրել է նա:
Միջոցառման կազմակերպիչներից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը:
«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,-ասված է ՀԿ-ի հաղորդագրության տեքստում:
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունն է հրավիրել գրքի շնորհանդեսի խափանման փորձի վրա: Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիմա շատ հետաքրքիր կլիներ լսել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի տեսակետը սեռականություն կետ օրգ կայքի հիմնադիրների կողմից Խնկո Ապոր գրադարանում 3-6 տարեկան երեխաներին ուղղված սեռական գիտելիքների գրքի շնորհանդեսին:
Տիկին Զոհրաբյան, տեսնենք՝ այդքան «դուխ» կունենաք այս հարցին պատշաճ արձագանքելու: Թե մեր երկրում պաշտպանվում են միայն յուբկով տղամարդկանց իրավունքները»:
Գրառումից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է.
«Փաստորեն, Նարեկ Մալյանը որոշել է կասկածել իմ «դուխին» և սկզբունքայնությանը և ահա թե ինչ գրառում է արել իր էջում, որին հիմա կպատասխանեմ:
Կարծում եմ, այս տարիների ընթացքում ես որևէ մեկին առիթ չեմ տվել կասկածելու հատկապես իմ սկզբունքայնության եւ «դուխի»վրա:
Այո, պարոն Մալյան, երեկվանից ես բազմաթիվ ծնողներից և նաև «Կամք» հասարակական կազմակերպությունից ահազանգ եմ ստացել, որ «Բուկինիստ» գրախանությում ձեր նշած գրքի շնորհանդեսն է: Գիրքը ես չեմ տեսել և այն ինձ մոտ կլինի վաղը: Հասկանում եք, որ առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու, այս պահին իմ կողմից որևէ հայտարարություն անելը անլուրջ կլիներ:
Ավելին, ես պատրաստ եմ Մարդու իրավունքների մեր հանձնաժողովի անդամների հետ քննարկել և հանձնաժողով հրավիրել թե՛ գրքի հեղինակներին, թե՛ նրանց օպոնենտներին, ու նաև ծնողներին, եթե, իհարկե, այդ քննարկումը ճակատամարտի չի վերածվի:
Դուք վստահաբար արդեն հասկացել եք, որ ձեր նշած հարցի և ընդհանրապես՝ շատ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հանձնաժողովում կարծիքները խիստ տարբեր են: Ինչ վերաբերվում է ինձ, ապա գոնե դուք լավ գիտեք, որ չկա աշխարհում որևէ պաշտոն կամ մանդատ, հանուն որի ես դառնամ մանկուրտ:
Լսեք էլ՝ չհավատաք: Եվ որ «դուխիս» վրա չկասկածեք՝ իմ էջում դնում եմ նաև ձեր գրառումը»։
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ սկսված պայքարն առաջիկայում էլ ավելի է թեժանալու:
Ա'րդ, դիմում ենք հայ հասարակության բոլոր շրջանակներին, յուրաքանչյուր ավանդապաշտ հայ անհատի, հանուն մեր երեխաների, միանալ հայկական ավանդական արժեքների համար տարվող պայքարին:
Այսօր Հայաստանում այլասերված փոքրամասնությունը փորձում է իր կամքը պարտադրել բացարձակ մեծամասնությանը: Մենք երդվել ենք` թույլ չենք տալու, որովհետև նոր-ազատական անվերահսկելի քարոզարշավը հակասում և սպառնում է ոչ միայն մեր մշակույթին ու կենցաղին, այլև մեր երկրի սահմանադրությանը:
Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմաններում բացահայտել այլասերող գործողություններն ու մատնացույց անելով կատարողներին` նրանց գամել ամոթանքի սյունին:
Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում` փրկել թավշյա հեղափոխության ձեռբերումները` իր շարքերից հեռացնելով սորոսականներին ու այլասերվածներին:
Արդար, ներառողական և հավասար հասարակության կառուցման գործընթացի տերը մեր ազգն է, մեր ավանդապաշտ, պատասխանատու, հայրենասեր և հպարտ հայ քաղաքացին»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատապարտում է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:
«Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։
Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։ Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց:
Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»,-գրել է նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը