05 04 2019

Ինչպե՞ս ունենալ արդյունավետ դատական իշխանություն․ ՍԴ նախագահի տեսլականը

Ինչպե՞ս ունենալ արդյունավետ դատական իշխանություն․ ՍԴ նախագահի տեսլականը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  ապրիլի 5-ին հանդիպել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի հետ: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Հայաստանի և Գերմանիայի դատական իշխանությունների նմանությանը և ՀՀ դատական համակարգի որակի բարելավման խնդրին՝ ներկայացնելով բարեփոխումների իր տեսլականը։

Անդրադառնալով Գերմանիայի և Հայաստանի նմանություններին՝ նա նշեց, որ ընդհանուր փիլիսոփայության համատեքստում մենք մոտ ենք և նման, բայց նաև էականորեն տարբեր ենք՝ հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, այնպես չէ, որ վերցնելու ենք կրկնօրինակենք և արագ արդյունքներ ստանանք։

«Ցանկացած մեխանիկական վերարտադրություն խնդրահարույց է:  Փառք ու պատիվ գերմանացի փորձագետներին, որոնք երբեք որպես վերջնական ճշմարտություն իրենց մոդելը մեզ չեն մատուցել: Ես կարող եմ տասնյակ տարբերություններ նշել թե՛ կառավարման ձևի, թե՛ սահմանադրական արդարադատության, թե՛ մյուս ոլորտների, որոնք տարբերվում են իրենցից: Այս առումով գերմանիզացիան այդքան էլ մեծ չէ»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանը, անդրադառնալով դատական համակարգի որակի բարձրացման խնդրին, նշեց՝ եթե դու չունես որակյալ կադրեր, դու խնդիր ես ունենալու արդյունավետ դատական իշխանություն ունենալու հետ: Ցանկացած խնդրի, այդ թվում՝ դատական արդյունավետ համակարգի համար ՍԴ նախագահը 3 գործոն առանձնացրեց։

«Առաջինը իրավաբանական կրթությունն է. ինչպիսի օրենսդրություն ուզում ես ունեցիր, բացառիր ցանկացած ճնշում, ազդեցություն, եթե չունես որակյալ կադրեր, դու խնդիր ես ունենալու արդյունավետ դատական իշխանություն ունենալու հետ»,- նշեց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ երկրորդ գործոնն օրենսդրությունն է, այսինքն ինչպիսի օրենսդրություն ունես, որ այդ ամբողջն ապահովելու է եւ երրորդը մարդկային գործոնն է: «Այս երեք օղակներից ցանկացածում ձախողումը չի տալու այն արդյունքը, ինչին սպասում ենք»,- նշեց նա։

Ըստ Հրայր Թովմասյանի՝ երկրում բարենպաստ քաղաքական մթնոլորտ  է ստեղծվել այս խնդրի լուծման համար։ Երեք հարցերում էլ անելիքներ կան. «Իրավաբանական կրթությունն ամենախնդրահարույց հարցերից մեկն է: Մենք շատ ունենք որակյալ իրավաբանների անհրաժեշտություն թե դատական իշխանությունում, թե ողջ պետական համակարգում, թե ընդհանրապես երկրում: Եթե մենք այս հարցը մոտ ժամանակներս արմատականորեն չլուծենք, մյուս փուլերում այս խնդիրը չենք ունենալու»,- ասաց նա՝ նշելով, որ  օրենսդրական մակարդակում եղած խնդիրները լուծելի են:  ՍԴ նախագահի խոսքով՝ բարդ է լուծել մարդկային գործոնը։ «Հայաստանին մի ռենտգեն ապարատի սարք է պետք, որը ցույց կտա՝ դու դատավոր կարո՞ղ ես աշխատել, թե ոչ։ Որևէ հարցազրույց, թեստերի լուծում չի կարող պատասխանել գլխավոր հարցին՝ դու քո էությամբ արդարամի՞տ ես, դատավոր ե՞ս, թե ոչ»,- նշեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ