03 04 2019

Արտակ Զեյնալյանը ՄԻԵԴ-ի դիմումները թշնամական ակտ չի համարում

Արտակ Զեյնալյանը ՄԻԵԴ-ի դիմումները թշնամական ակտ չի համարում

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՄԻԵԴ-ին ուղարկված հերթական դիմումներին, նշեց, որ ՄԻԵԴ-ին ուղարկված դիմումները թշնամական ակտ չի համարում։ 

«ՄԻԵԴ-ին դիմումները չենք համարում թշնամական ակտ։ Այդ դիմումները գործնական և գիտական նշանակություն ունեն»,- նշեց նախարարը՝ հրաժարվելով կարծիք հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Զեյնալյանը քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունում արմատական բարեփոխումներ է խոստանում: Դատապարտյալների հիվանդանոցի ծանր վիճակի մասին հարցին պատասխանելով՝ նախարարն ասաց, որ կատարվում են արմատական բարեփոխումներ՝ հիշեցնելով, որ ապագայում, ինչպես  հիվանդանոցը, այնպես էլ ամբողջ բժշկական ծառայությունը, դուրս կգան քրեակատարողական վարչության իրավասությունից:

Միեւնույն ժամանակ նախատեսվում է բարձրացնել աշխատավարձերը եւ երաշխավորել աշխատողների սոցիալական պայմանների բարելավումը: 

Անդրադառնալով անցումային արդաադատության թեմային՝ նախարարն ասաց, որ անցումային արդարադատություն եզրն ինքը, ունեցվածքի բռնագանձումն առանց դատավճռի, կարող է մոլորության մեջ գցել։ «Բայց բովանդակային առումով դա վերաբերում է ապօրինի ճանապարհով ստացված ունեցվածքի բռնագանձմանը։ Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերին, եւ դա նրա պարտականությունների մեջ է։ Ընդ որում՝ այս կառավարությունը չէ, որ միացել է»,- ասել է նախարարը։

Զեյնալյանը նշեց, որ ստեղծվել է խումբ եւ մշակվում է օրենք, եւ անցումային արդարադատության հարցը ԱԺ ոլորտում է։ «Արդարադատության նախարարությունը հետազոտություն է իրականացրել։ Գրականությունը եւ նյութերը հանձնվել են ԱԺ-ին։ Կան տարբեր մոդելներ տարբեր իրավիճակների համար, տարբեր մոտեցումներ։ Ունիվերսալ լուծումներ չկան»,- ասել է Զեյնալյանը։ Նա նաև նշել է, որ անցումային արդարադատությունը չի կարող լինել վենդետայի գործիք։ Դա հաշտեցման միջոց է, համոզված է Արտակ Զեյնալյանը։ 

Անդրադառնալով կալանք կիրառելու պրակտիկային և Մանվել Գրիգորյանի գործին՝ Զեյնալյանն ասաց․

«Եթե կալանքի հիմքերը բավարար ու իրավաչափ են, ապա պետք է գնահատել նաև հետևյալը՝ արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ։ Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորն ազատ արձակվի՝ պայմանավորված առողջական վիճակով։ Հիմա մենք նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի, սակայն գործնականում դա կիրառվում է։ Որքան տեղյակ եմ՝ իրականացվում է փորձաքննություն ճշտելու համար՝ արդյոք  հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, թե՝ ոչ», - նշեց Արտակ Զեյնալյանը։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանք կիրառելու հարցով նախարարն ասաց

«Առաջադրում եք հարց, որի հասցեատերը ես չեմ, այլ դատարանն է։ Սա փաստաբանի հարցադրում է, որ պետք է ուղղել գործը նախագահող դատավորին, քանի որ հարցի իրավական գնահատականը կարող է տալ դատարանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ