03 04 2019

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է դատարանում

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է դատարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 3-ին Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հարցաքննվեց որպես վկա: Նա հարցաքննվեց «Ելք» դաշինքի անդամների և Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (հայտնի է Մանախ մականունով) միջև տեղի ունեցած միջադեպի գործով:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար:

Դատական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանաչում է տուժողին` Հայկ Սարգսյանին, քանի որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա իրենց նախընտրական շտաբի պետն է եղել, ու նրա հետ, մինչև միջադեպը, ընկերական հարաբերություններ է ունեցել:

Ինչ վերաբերում է Արթուր Այվազյանին, ապա Փաշինյանը հավաստիացրեց, որ առաջին անգամ է հանդիպում նրան, թեև ԱԺ պատգամավոր եղած ժամանակ Այվազյանից նամակներ է ստացել։

Վարչապետը պատմեց, որ 2017-ի նախընտրական քարոզարշավի վերջին օրն ինքը տանն է եղել:

«Երեկոյան 22։00-ի կողմերն էր, երբ զանգել են ինձ ու ասել, որ մեր տղաների վրա հարձակում է տեղի ունեցել։ Որքանով հիշում եմ, զանգահարողը ներկայումս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր։ Փորձեցի Հայկին զանգել, չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով ասացի՝ թող ինձ զանգեն: Զանգեցին ու ասացին, որ միջադեպ է եղել, ես ասացի` արագ տարածքից հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ», - մանրամասնեց նա։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը հարցաքննվե՞լ է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում, պատասխանեց.

«Հարցաքննվել եմ, այդ թվում այս դատարանում»։

Վարչապետի պատասխանից, սակայն չհասկացվեց, թե երբ է նա հարցաքննվել՝ Մարտի մեկի իրադարձություներից հետո մեղադրյալի կարգավիճակու՞մ, թե՞ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2018թ. հարուցված Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու գործի շրջանակներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ