ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանն այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:
Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
Զրույցի ընթացքում Կ. Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:Կարեն Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը