Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շարունակում է ծանոթանալ Մարտի 1-ի քրեական գործի 76 հատորներին և արդեն հասցրել է ծանոթանալ դրա շուրջ 40 տոկոսին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Նախաքննություն իրականացրած Հատուկ Քննչական ծառայությունը 76 հատորանոց քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրամադրել էր 50 օր, որի ավարտը կլինի 15 օրից։ Պաշտպանական կողմը բողոքում էր տրամադրված քիչ ժամկետից և նույնիսկ բողոքարկեցին այդ որոշումը, սակայն ապարդյուն՝ նրանց բողոքը չբավարարվեց։
«Եթե մարդը իր բանուգործը թողնի մի կողմ ու սկսի ընթերցել մի գիրք, ուղղակի ընթերցել, մի օրում մեկը կավարտի՞։ Իսկ մեզ մեկ հատորի համար մեկ օր էլ չեն տրամադրել. 76 հատորի համար 50 օրացուցային օր։ Մեր իրավունքները սահմանափակել են», - նշել է Ալումյանը։Քրեական գործի նյութերին փաստաբանները այժմ ծանոթանում են դրվագ առ դրվագ՝ փետրվարի 23-ի խորհրդակցություն, Մարտի 1-ի առավոտյան դեպքեր և այլն։
Կայքը հետաքրքրվել է, թե մինչ այժմ ուսումնասիրած նյութերից ի՞նչ եզրակացության են եկել, ի՞նչ նոր մասեր են բացահայտել, Ալումյանը պատասխանել է․«Մենք բաներ ենք գտել, որոնք մեզ տալիս են լրացուցիչ ու բավականին ծանրակշիռ փաստարկներ, որոնք մենք կօգտագործենք»։Փաստաբանը մատնանշեց փետրվարի 23-ի խորհրդակցության դրվագը և տեղեկացրեց, որ դրա մասնակիցներից միայն մեկի՝ Արշակ Կարապետյանի ցուցմունքն է տարբերվում, որն էլ արվել է «ցուցմունք պաշտոնի դիմաց» սկզբունքով։
Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետն էր և 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հետախուզության ոլորտում ձախողումից հետո պաշտոնանկ էր արվել։ Եվ դեկտեմբերին նա նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ինչն էլ ակնարկում է փաստաբան Ալումյանը։
«Ցուցմունքները նայում ենք՝ բոլորը անխտիր ասել են այն նույն բանը, ինչ ժամանակին մենք ասում էինք, բացառությամբ մեկ հոգու, որին դուք գիտեք և որը ցուցմունք պաշտոնի դիմաց գործարքի գնաց։ Բացի այդ ցուցմունքից, բոլոր մյուս ցուցմունքներն ուղղակիորեն հաստատում են այն, ինչ մենք ամիսներ շարունակ ասում էինք։ Դա մեզ համար նորություն էր։ Մարտի 1-ի առավոտվա հետ կապված որոշակի հստակեցումներ արեցինք», - ասել է փաստաբան Հայկ Ալումյանը։Նա մասնավորեցրեց, նշելով, որ 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցության մասին իրենց նախկին պնդումները, որոնք, ըստ էության, հաստատվել են խորհրդակցության մասնակիցների ցուցմունքներով, վերաբերում էին պաշտպանության փոխնախարարների ու բարձրաստիճան սպաների կողմից ցուցարարներին միանալու մասին քաղաքական քննարկումներին։
«Խորհրդակցության մասնակիցներն էլ ասել են, որ խնդիրը հստակ դրվել է՝ բացառել բանակի մասնակցությունը այդ գործընթացներին, ասել են, որ նախագահը բարկացել է պաշտպանության նախարարի վրա ու հարցրել՝ ինչո՞ւ Մանվել Գրիգորյանը չկա, երբ բոլորը եկել են խորհրդակցության, իսկ պաշտպանության նախարարն էլ պատասխանել է, որ չգիտի Մանվել Գրիգորյանի գտնվելու վայրը։ Բոլորն էլ ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը բարկացել է պաշտպանության նախարարի վրա այն բանի համար, որ չգիտի՝ ուր են իր ենթակաները ու հանձնարարել է՝ այնպես անեն, որ Մանվել Գրիգորյանը դադարեցնի զինվորական կոչման հետ անհամատեղելի գործունեությունը, ասել է՝ թող ընտրի՝ կա՛մ մնում է Երկարապահում ու դուրս է գալիս բանակից, կա՛մ մնում է բանակում և երկրապահի հետ գործ չունեն։ Եվ ամենահստակը այն է, որը պնդում են խորհրդակցության բոլոր մասնակիցները՝ պարոն Քոչարյանն ասել է բացառել բանակի մասնակցությունը այդ իրադարձություններին։ Սա է, հիմա բոլորը դա հաստատում են», - ներկայացրել է Ալումյանը։
Փաստաբանը անհեթեթ է համարել այն պնդումները, թե այդ ժամանակների «գեներալիտետը», Քոչարյանի դեմ ցուցմունքներ են տվել։ Նա ասել է, որ Քոչարյանի դեմ միակ ցուցմունքը Արշակ Կարապետյանի ցուցմունքն է ու հավելեց. «Ընդ որում, Կարապետյանի ցուցմունքը միայն մեկ հատվածով են փորձում օգտագործել՝ իբրև թե պարոն Քոչարյանը ասել է՝ վաղվանից արտակարգ դրություն ենք մտցնում։ Բայց եթե Քոչարյանը այդպես էլ ասած լիներ, երևի հասկանում եք, որ հենց վաղը չէր մտցնելու արտակարգ դրություն։ Մնացած բոլոր տեսանկյուններից անգամ այդ ցուցմունքը հնարավոր չէ օգտագործել պարոն Քոչարյանի դեմ։ Բացի այդ, բոլորն ասում են, որ նման բան չի եղել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը