«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը անսպասելի հայտնված հզոր մրցակից է Վահե Գրիգորյանին, որը ապրիլյան հեղափոխությունից հետո հեղափոխական հանրույթի աջակցությունն էր վայելում, իսկ հիմա ընկալվում է որպես իշխանական թեկնածու:
Մինչև Գոռ Հովհաննիսյանի հայտնվելը նա համարվում էր գրեթե անպարտելի:
Հիշեցնենք՝ ՍԴ նոր անդամի ընտրության համար ստեղծված աշխատանքային հանձնախումբն ավարտել է աշխատանքը: Իրավաբանները զրուցել են դատավորի երեք թեկնածուների հետ և իրենց կարծիքները ներկայացրել են հանրապետության նախագահին, որն էլ առաջիկայում որոշելու է, թե երեք թեկնածուներից ում է առաջարկելու խորհրդարանին: Հավակնորդները երեքն են՝ ճանաչված փաստաբան Վահե Գրիգորյանը, սահմանադրական իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը, և փաստաբան, նախկին դատախազ Մարտին Մանուկյանը:
Դոկտորի աստիճանը Գոռ Հովհաննիսյանին շնորհվել է Հումբոլդտի անվան Համալսարանի կողմից: Նա գիտական հրապարակումների տպավորիչ ցանկ ունի, ամեն տարի առնվազն մեկ գիրք, կամ գիտական հոդված է տպագրում հայկական իրավունքին նվիրված: Գոռ Հովհաննիսյանն իր հրապարակային ելույթներում համոզմունք էր հայտնել, որ ԱԺ կանոնակարգ օրենքով, միևնույն անձը երկրորդ անգամ չի կարող առաջադրվել, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքում ասվում է, որ եթե ԱԺ-ն չի ընդունում անձի թեկնածությունը, նոր թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող մարմինը, այս դեպքում նախագահը, նոր թեկնածու է առաջադրում։ «Ես նոր թեկնածու ասածը հասկանում եմ, որ նորը դա նախորդ թեկնածուն չէ, նորը պետք է լինի տարբերվող թեկնածու» - ասել է Գոռ Հովհաննիսյանը և ԶԼՄ-ները տիրաժավորել են նրա խոսքը:
Դոկտոր Հովհաննիսյանին երեկ երկու հարց ուղղեցինք, որոնց նա պատասխանեց մանրամասն և հանգամանալից:
- Ձեր հակառակորդը՝ Վահե Գրիգորյանը, որին ՀՀ նախագահը մեկ անգամ արդեն առաջադրել է, պնդում է, որ նոր թեկնածու առաջադրելու պահանջի վերաբերյալ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և ապրիլի մեկից ուժը կորցնելու է։ «Ես տեղյակ եմ, որ առաջադրված թեկնածուներից մեկն է այդ պնդումն արել եւ չեմ ցանկանում այն վերածել վիճաբանության։ Այդ պնդումը բացարձակ անհիմն է» - սրանք Վահեի բառերն են։
- Պարոն Գրիգորյանի պատասխանն ուղղակի մի պնդում է՝ առանց որևէ հիմնավորման։ Իր մասնագիտությունը հարգող իրավաբանը երբեք դատարկ պնդումներ չի անում։ Չի կարելի ուղղակի ասել «Այո» կամ «Ոչ»։ Դա կարող է անել ցանկացած մարդ։ Իրավաբանը պիտի ասի «Այո, որովհետև․․․» կամ «Ոչ, որովհետև․․․»։ Իսկ «որովհետև»-ը նրա պատասխանում, ինչպես տեսնում եք, բացակայում է։
Քանի որ խոսքն այս պահին գործող օրենքի մասին է, ուստի բոլորովին անէական է նաև այն փաստի վկայակոչումը, որ նորմն ապագայում ուժը կորցնելու է։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից խնդրի առարկա նորմը 2018 թ․ նոյեմբերին հակասահմանադրական ճանաչելուն, ՍԴ-ն այդպիսին է ճանաչել միայն Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետը, իսկ նորմը մնացած մասով հակասահմանադրականության խնդիր չի հարուցել։ Հետևաբար, նորմի հակասահմանադրականությունն ամենևին չի վերաբերում «նոր թեկնածու» ձևակերպմանը։
Հիմնավոր պատասխան տալու համար պարոն Գրիգորյանը պիտի ներկայացներ գործող օրենքի նորմում «նոր թեկնածու» ձևակերպման իր մեկնաբանությունն այն իմաստով, որ դա չի խանգարում հին թեկնածուի կրկին առաջադրմանը։ Ես մտածում եմ, որ նման մեկնաբանությունն անհնար է։ Նորը հենց հինը չէ։ Ցանկացած այլ մեկնաբանություն հաստատ համոզիչ չի լինի։Բացի այդ, հին թեկնածուին կրկին առաջադրելու անթույլարելիության մասին իմ պարզաբանումները կարծես լավ չեն հասկացվել։ Գործող օրենքի «նոր թեկնածու» ձևակերպումը իմ փաստարկներից ընդամենը մեկն է ու ոչ այնքան կարևորը։ Անկախ նրանից՝ օրենսդիրն իր ձևակերպման մեջ կգործածի «նոր» բառը, թե ոչ, միևնույն է հին թեկնածուին կրկին առաջադրելն անթույլատրելի է։ Դա արգելվում է արդեն սահմանադրական իրավունքի մակարդակով։ Նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելն արգելվում է պետական մարմինների միջև փոխադարձ հարգանքի սահմանադրական սկզբունքով (Interorganrespekt), ինչը պետական մարմիններից պահանջում է փոխադարձ հարգանք դրսևորել միմյանց որոշումների նկատմամբ և չարհամարհել դրանք։ Եթե Ազգային ժողովն արդեն որոշել է մերժել մի թեկնածուի, ապա Նախագահը պարտավոր է հարգել խորհրդարանի այդ որոշումը և հաշվի նստել դրա հետ։ Նախագահի կողմից նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելը կլինի արհամարհանք խորհրդարանի նախորդ որոշման նկատմամբ և չափազանց անհարգալից վերաբերմունք առաջնային ժողովրդավարական մանդատով օժտված միակ պետական մարմնի՝ երկրի խորհրդարանի նկատմամբ։ Նախագահի կողմից նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելը կխախտի պետական մարմինների միջև փոխադարձ հարգանքի սահմանադրական սկզբունքը և այդ պատճառով կլինի հակասահմանադրական ու անվավեր։
Ինչպես տեսնում եք, հասարակ օրենքի ձևակերպումներն անկարևոր են։ Սահմանադրական իրավունքն ինքն է արգելում նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելը։ Բացի այդ, նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելով նախագահը կչարաշահի իր լիազորությունները։ Եթե մենք լրջորեն պնդենք, թե նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելը թույլատրելի է, ապա հարց է ծագում, թե այդպես մինչև ե՞րբ, ինչքա՞ն՝ 10 անգա՞մ, 100 անգա՞մ, ինչքա՞ն։ Ինչքա՞ն կարող է նախագահն արհամարհել խորհրդարանի որոշումն ու առաջադրել նույն անձի թեկնածությունը։ Ակնհայտ է, որ նախագահի կողմից նման մոտեցումը կլինի նրա լիազորությունների չարաշահում։
Հավանաբար տեղյակ եք, որ երեկ կառավարությունը հաստատել է վերը նշված նորմի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է նորմի տեքստից ուղղակի ջնջել «նոր» բառը։ Կառավարության պատկերացմամբ՝ դրանով հարցը լուծվում է, ու ինքն ապահովում է պարոն Գրիգորյանի թեկնածության կրկին առաջադրումը։ Չխոսելով արդեն այն մասին, որ կոնկրետ անձանց շահերն սպասարկելու համար օրենքներ ընդունելն ու փոփոխելը չափազանց արատավոր երևույթ է ու պիտի իսպառ բացառվի, պիտի կրկին ընդգծեմ, որ նույն թեկնածուին կրկին առաջադրելու անթույլատրելիության մասին իմ պարզաբանումները չի հասկացել նաև կառավարությունը։ Օրենքի տեքստի որևէ փոփոխություն որևէ ազդեցություն չունի սահմանադրական սկզբունքների վրա։ Քանի որ նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելը խախտում է վերը նշված սահմանադրական սկզբունքը, ուստի օրենքում որևէ փոփոխություն չի կարող լուծել այս հարցը։ Ինչքան էլ որ ցավալի է, ստիպված եմ հիասթափեցնել մեր կառավարությանը։
Ինչ վերաբերում է այն կեղծ ու հիմնովին սխալ փաստարկին, թե այժմ ունենք «այլ» խորհրդարան, դրան նույնպես մանրամասն անդրադարձել եմ ու այստեղ կրկին չեմ պարզաբանի:
-Իրավաբանների շրջանում տեսակետ կա, որ Դուք քաջածանոթ չեք ազգային իրավական համակարգին, Հայաստանում այնքան էլ լայն ճանաչում չունեք։ Ի"նչ կասեիք։
- Ես ուղղակի բացառում եմ, որ ինձ ճանաչող որևէ իրավաբան լրջորեն նման պնդում արած լինի, իսկ ինձ չճանաչողներն առավել ևս նման պնդում անել չեն կարող։ Եթե Դուք ծանոթանաք իմ կենսագրությանը, ապա կտեսնեք, որ ես ունեմ հայկական իրավաբանական կրթություն, ընդ որում գերազանցությամբ, մինչև 2013 թվականն աշխատել եմ Սահմանադրական դատարանում, 2013 թվականին դասավանդել եմ փաստաբանական դպրոցում, 2014-2016 թվականներին մասնակցել եմ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին, 2016 թվականին մասնակցել եմ Կուսակցությունների մասին օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, 2017-2018 թվականներին վերապատրաստման դասընթացներ եմ անցկացրել փաստաբանների պալատում, պարբերաբար մասնավոր դասախոսություններ եմ կարդում Երևանում, երբեմն նաև տարբեր հայկական համալսարաններում։ Ինձանից անընդհատ տարբեր իրավական հարցերի վերաբերյալ խորհուրդներ ու պարզաբանումներ են հարցնում բազմաթիվ դատավորներ, փաստաբաններ, համալսարանների դասախոսներ, ուսանողներ ու նաև ոչ իրավաբան մարդիկ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը