28 02 2019

ՍԴ որոշումը՝ համաներման օրենքի վիճարկվող դրույթների մասով

ՍԴ որոշումը՝ համաներման օրենքի վիճարկվող դրույթների մասով

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ 

«Սիրելի ընկերներ, տեղյակ եք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Համաներման մասին» օրենքի դրույթները։ Ինձ ճանաչողները տեղյակ են նաև, որ ես կարևորում եմ ակադեմիական իրավական բանավեճը և այդ առումով ողջունում եմ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու քայլն ու շնորհակալ եմ դրա համար:

Եվ այսպես, փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանը որոշել է՝ համաներման մասին օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնամ Սահմանադրական դատարանի մի շարք կարևոր դիրքորոշումների.

1. Սահմանադրական դատարանը գտել է, որ նշված գործով քննության առարկա հարցերի շրջանակում Օրենքի վիճարկվող և դրա հետ փոխկապակցված դրույթների իրավակարգավորումները, որոնցով այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, համաներման կիրառման սահմանափակում չի նախատեսվում այն անձանց համար, որոնք չեն հատուցել հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը, և սահմանվում է, որ համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավաչափ են, քանի որ տուժողի վրա չի դրվում վնաս պատճառելու հետ կապված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերի ապացուցման պարտականություն, ինչը տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքի իրացման տեսանկյունից բարենպաստ պայման է:

Նշված դիտարկման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն և, ըստ այդմ, ունեն նախադատելի ուժ։

2.Սահմանադրական դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ պատժից ազատելու օրենսդրական ընդհանուր քաղաքականության շրջանակում հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այն այլ կերպ հարթելը չի դիտարկվում որպես բացառիկ նախապայման, առանց որի անհնար է անձին պատժից ազատել։ Միաժամանակ, ընդգծվել է, որ վերոհիշյալ մոտեցումը բնավ չի նշանակում, որ օրենսդիրը համաներմամբ պատժից ազատելու իր հայեցողությունն իրականացնում է ի հաշիվ տուժողի վնասի հատուցման իրավունքի իրացման:

Համաներման մասին ակտով անձը չի կարող ազատվել հանցագործության հետևանքով առաջացած այլ անձանց նկատմամբ քաղաքացիաիրավական պարտականությունների կատարումից:

 3. Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտել է, որ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցն այս կամ այն դատավարական ընթացակարգերով լուծելը սահմանադրականության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չէ և գտնվում է օրենսդրի հայեցողության տիրույթում: Այս հարցում կարևորն այն է, որ առկա կառուցակարգը պետք է երաշխավորի տուժողների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Հարցը դիտարկելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության կարգով վնասների փոխհատուցումն արդյունավետ է, որովհետև երաշխավորում է և՛ հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար, և՛ ապահովում է բավարար փոխհատուցում։

4. Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ տուժողը ևս ունի իրեն պատճառված վնասի հատուցման իրավունքի իրացման հայեցողության լայն շրջանակ: Մասնավորապես, նա կարող է ինչպես օգտվել քրեադատավարական ընթացակարգերով իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, այնպես էլ չօգտվել այդ հնարավորությունից՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար դիմել քաղաքացիադատավարական ընթացակարգերին։ Տուժողը կարող է նաև ընդհանրապես չիրացնել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իր իրավունքը: Վերջինս հաշվի առնելով է օրենսդիրը Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրել «կարող է» դրույթը՝ այն պայմանավորելով տուժողի հայեցողությամբ։

5. Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ, անկախ այն հանգամանքից՝ տուժողը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իր իրավունքը քրեական դատավարության, թե քաղաքացիական դատավարության շրջանակներում է իրացնում, կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը: Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի հիման վրա է ապահովվում հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցումը՝ նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով՝ կատարողական թերթի հիման վրա հարուցված գործի վարույթի շրջանակներում:

6. Սահմանադրական դատարանը միաժամանակ գտել է, որ համաներումը, օրենսդրի հայեցողական լիազորության իրականացման արդյունքում հանցանք կատարած որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ արտահայտելով պետության մարդասիրական վերաբերմունքը, չի կարող իրականացվել ի հաշիվ այլոց իրավունքների:Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված 2-րդ հոդվածի 10-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը։

Ավելացնեմ նաև, դատավճռով արձանագրված «վնասը» չի ամբողջացնում ողջ վնասը՝ «իրական վնասը», «բաց թողնված օգուտներն» ու «ոչ նյութական վնասը», քաղաքացիական դատավարության կարգով կայացված դատական ակտի կատարումն ապահովված է հարկադիր կատարման երաշխիքով, ի հակադրության՝ դատավճռի: Նախկին համաներման որոշումներով այդ բացը փորձ է արվել կոմպեսացնել դատապարտյալին անազատության մեջ պահելով ու վնասի հատուցման դիմաց ազատ արձակելու լուծումով, ընդ որում, այդ լուծումը կարող էր իր ուժը պահպանել մինչև ազատազրկման ժամկետի ավարտը: Հետևաբար՝ համաներման մասին այս օրենքն առավել հավասարակշված ու հիմնավորված է:

Որոշման մանրամասներով հետաքրքրվողները կարող են անցնել այս հղումով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ