ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին` պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։
«Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,- գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
Նա հաստատել է նաև մամուլում տարածված մեկ այլ տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։
Թե որքան է այս հյուրանոցի գնահատված արժեքը, ԱԱԾ–ն չի հստակեցրել, բայց ինչպես նոյեմբերի 28-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, դրա արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ «Այն պետք է հանել աճուրդի, և փողերը պետք է մուտքագրել պետբյուջե»,– ասել էր Փաշինյանը։
ԱԱԾ-ից Sputnik Արմենիային տրամադրած պաշտոնական տվյալներով`ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է 22 052 635 406 ՀՀ դրամ: Վերականգնված գումարները փոխանցվել են ՀՀ պետական բյուջե:
Միաժամանակ ԱԱԾ-ն հայտնել է, որ 2018թ. մայիսի 10-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 32 023 492 827 ՀՀ դրամի չարաշահման դեպքեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը