19 02 2019

Այս տարի ակնկալվում է Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու հարցով ՄԻԵԴ վճիռը

Այս տարի ակնկալվում է Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու հարցով ՄԻԵԴ վճիռը

ՀՀ ԶՈւ՝ Բուդապեշտում  ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին մասնակցող սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 15 տարի:  

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը պնդում է՝ հայ սպայի դաժան սպանությունը եղել է պետական պատվեր և կատարվել է ազգային հողի վրա:

«Հունգարիան համաձայնեց արտահանձնել Ռամիլ Սաֆարովին՝ խախտելով միջազգային նորմերը: Ճիշտ է՝ արտահանձման մասին կոնվենցիայի կողմ են և ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հունգարիան, բայց այնտեղ խստագույնս նշված է՝ այն կողմը, որտեղ արտահանձնվելու է դատապարտյալը, պետք է բոլոր հավաստիացումները տա, որ հանցագործը պատիժը նույն ձևով կրելու է: Այս հավաստիացումները պետք է հունգարական կողմը ստացած լիներ: Բայց մենք տեսանք, որ 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին, և այն, ինչ տեղի ունեցավ անմիջապես, դա ներում չէր, այլ արդարացում, որովհետև ներման դեպքում որևէ իրավունք չի վերականգնվում, բայց Սաֆարովին վճարեցին  8 տարվա աշխատավարձը, բնակարան նվիրեցին և բարձրացրեցին կոչումը: Այն, որ Ռամիլ Սաֆարովն արդարացվեց, Ադրբեջանը դրանով իսկ իր վրա վերցրեց հայ սպայի սպանության պատասխանատվությունը: Ես միշտ ասում էի, որ Սաֆարովն ինքն իրեն այդ հանցագործությունը չէր անի, այստեղ պետական պատվեր կա, որովհետև, երբ  ուսումնասիրում ես Սաֆարովի կենսագրությունը, տեսնում ես, որ նա բավականին հեռանկարային սպա է եղել, որովհետև ուսումնարանն ավարտել է Բաքվում, հետո ակադեմիա` Թուրքիայում, Հյուսիսային Կիպրոսում մասնակցել է զորավարժանքների, որտեղ էլ սովորել է կացինով մարդ սպանելը, ինչպես նշել է հենց ինքը` Սաֆարովը»,- ասաց Նազելի Վարդանյանը՝ հավելելով, որ միաժամանակ խախտվել է հենց Ադրբեջանի օրենսդրությունը, նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը ներման կարգի մասին, որով  ցմահ ազատազրկվածի ներումը  կարող է փոխարինվել 20 տարվա ազատազրկմամբ, բայց ոչ երբեք` ազատ արձակմամբ։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանը տեղեկացրեց, որ վերը նշված հիմքերով 2013-ի փետրվարի 25-ին դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածների հիմքով:

«Այս սպանությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա, Սաֆարովը հայտարարել է, որ սպա է դարձել հայերին ոչնչացնելու համար, և եթե անգամ 100 տարի նստի, դրանից հետո շարունակելու է հայ սպանել: Եվ այս ամենից հետո զարմանալի էր, որ հունգարական կողմը համաձայնել է արտահանձնել նրան: 2016-ի հունվարին ՄԻԵԴ-ի որոշմամբ սկսվեց կոմունիկացիան, և հարցեր առաջադրվեցին Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին. մենք երկու կառավարություններին ենք որպես պատասխանող կողմ ճանաչել»,- նշեց փաստաբանը։

Նազելի Վարդանյանը նշում է, որ Հունգարիային մասնավորապես հարցադրում է ուղղվել՝ ի՞նչ հիմքով էր մինչ 2012-ը մերժել Ադրբեջանի՝ արտահանձման պահանջները: Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատով կոմունիկացիան ավարտման փուլում է, և հույս կա, որ ՄԻԵԴԸ վերջապես այս տարի կկայացնի այս գործով վճիռը:

«Մեր պահանջն է Ռամիլ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որտեղ նա իր պատիժը կկրի»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ այս սպանությունը ցեղասպանական տարրեր է պարունակում, և բոլոր հիմքերը կան՝ դիմելու  նաև Միջազգային քրեական դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ