«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Միհրան Պողոսյանը: Նա նշել է, որ հաղորդում ներկայացնելու պատճառը Հարությունյանին կրկին կալանավորելու միջնորդության նյութերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից կեղծ փաստաթուղթ կցելու հանգամանքն է:
«Դատարանը 2018թ. դեկտեմբերի 30-ին, ստանալով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, հաստատապես տեղեկացված լինելով, որ մեղադրյալը գտնվում է հետախուզման մեջ, սակայն գործին մասնակցում է նրա պաշտպանը, պարտավոր էր դատական նիստի տեղի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցել ինձ, ինչը չի արվել»,-ասել է նա:
Այնուհետև փաստաբանն, ուսումնասիրելով դատական նիստի վերաբերյալ արձանագրության կրիչը, պարզել է, որ դատարանը փաստաբանին ծանուցելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել:
Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում, սակայն Միհրան Պողոսյանը պարզել է, որ վարույթի նյութերում «հայտնվել է» «Հեռախոսագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ, որտեղ ներկայացված է, թե իբր դատարանի աշխատակազմը փորձել է կապվել փաստաբանի հետ, սակայն Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել: Մինչդեռ փաստաբանի պնդմամբ՝ ինքը դատարանի կողմից նշված հեռախոսահամարից որևէ զանգ չի ստացել: Միհրան Պողոսյանի խոսքով՝ կեղծ բովանդակությամբ «Հեռախոսագիր» վերտառությամբ փաստաթուղթը դատարանի կողմից դրվել է Հարությունյանին կալանավորելու հիմքում:
Այսպիսով Պողոսյանը պահանջում է ՀՔԾ-ից սահմանված կարգով քննարկել հանցագործության մասին հաղորդումը և որոշում կայացնել պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը