26 01 2019

Պարոն վարչապետը դատական գործընթացին արդեն միջամտել է. Ալեքսանդր Ազարյան. «Ա1+»

Պարոն վարչապետը դատական գործընթացին արդեն միջամտել է. Ալեքսանդր Ազարյան. «Ա1+»

Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է դատավորների անկախությանը, ճնշումներին և այլ հարցերի:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ 2018թ. օգոստոսի 13-ին  դատարանը  ազատ արձակեց  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնելով, որ նախագահը անձեռնմխելի է:

- Պարո՛ն Ազարյան, դուք հանրությանը հայտնի դարձաք որպես Ռոբերտ Քոչարյանին բաց թողած դատավոր, մատնացույց է արվում, որ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ դատավոր նշանակել: Այդ գործոնը դեր խաղացել է ձեր կայացրած որոշման վրա, կաշկանդվածություն, պարտքի զգացում եղե՞լ է:

- Ես իրավաբանական ասպարեզում ճանաչված անձնավորություն եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը ինձ վրա մակագրելը պայմանավորված է եղել նաեւ այդ հանգամանքով, որ ես շատ, թե քիչ հարգանք եւ հեղինակություն եմ վայելում այս բնագավառում: Ռոբերտ Քոչարյանի կողմից ինձ նշանակելը որեւէ  կաշկանդվածություն չի առաջացրել ինձ մոտ, ես ղեկավարվել եմ, ղեկավարվում եմ ու ղեկավարվելու եմ միայն օրենքով: Որեւէ պարտավորվածություն չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Հասարակության կարծիքը ինձ համար երկրորդական է, թող հասարակությունը ճիշտ հասկանա, ընկալի եւ հաջորդ անգամ ինձ սպառանալիքներ հնչեցնելուց առաջ` թող լավ իմանանա, որ չեմ վախենում այդ սպառնալիքներից: Հասարակությունը թող բարի լինի մի քիչ օրենքներ կարդա, նոր օրենսդրական դաշտում արձագանքի այդ հարցի վերաբերյալ:

- Ձեր կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանը բեկանեց, սա չի՞ նշանակում, որ դուք ժամանակին ոչ ճիշտ որոշում էիք կայացրել։

- Ոչ, ամենեւին չի նշանակում: Ես որպես իրավաբան պարտավոր եմ ունենալ կարծիք,  որպես դատավոր պարտավոր եմ ենթարկվել, ընդունել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Ես մոտ 2 ամիս առաջ հարցազրույց տվեցի ու ասացի, որ եթե հիմա լիներ այդ նույն պահը, ես նույն որոշումն էի կայացնելու: Ես նկատի ունեի՝ ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշմանը հակառակ որոշում պետք է կայացվեր, այլ. զուտ խոսքս վերաբերում էր սպառնալիքներին, դրանք ինձ համար բացարձակապես ոչինչ են եւ դա նկատի ունեի: Իսկ ձեր հարցի վերաբերյալ ասեմ՝  այդ հարցի կապակցությամբ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, որքանով գիտեմ պաշտպանների կողմից բողոք է ներկայացվել Եվրոպական դատարան եւ, ինչպես արդեն գիտենք, նաեւ Եվրոպական դատարանը ունի մի շարք որոշումներ, որով բեկանել  է  ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումները։ Ուստի թույլ տվեք ես մնամ իմ կարծիքին. ես վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

- Դուք աշխատել եք եւ՛ Քոչարյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել, դատավորները, արդարադատության համակարգը ե՞րբ էր ավելի անկախ, անկաշկանդ։

- Համեմատելը շատ սխալ կլինի, որովհետեւ հին դատավորները, որոնք աշխատել են այդ 3 ղեկավարների օրոք, կարող են հաստատել, որ պարոն Քոչարյանի ժամանակ սկսվեց դատական համակարգի անկախությունը: Դեռեւս 2008թ. երբ որ Մարտի 1-գործերով մենք արդարացման դատավճիռներ էինք կայացնում, այդ ժամանակ արդարացման դատավճիռը ռեցեպտով էինք տալիս՝ վախենալով, որովհետեւ դատախազական համակարգը, սովետական հին շկոլան ցավագին էին ընդունում, ցանկացած վերավորակում,  ցանկացած արդարացման դատավճիռ  ուղեկցվում էր ինչ-որ սուտ բաներով, որ դատավորը շահագրգռված է եղել, դա հասնում էր մինչեւ նախագահ։ Կոնկրետ իմ հարցը Սերժ Սարգսյանի ժամանակ մոտ 2-3 անգամ քննարկվել է իր ներկայությամբ. իմ աշխատել-չաշխատելու հարցը, այսինքն ես ո՛չ այն ժամանակ եմ եղել լսող, ո՛չ հիմա եմ պատրաստվում լինել լսող, ես ղեկավարվում եմ միայն օրենքով:

Դատավորի համար իրավիճակ չպիտի փոխվի, խնդրեմ օրենքը փոխեք, իրավիճակը փոխվի: Եթե դատավորը տարբեր ժամանակահատվածում տարբեր ձեւ է օրենքը մեկնաբանում, նշանակում է՝  ինքը հանցագործ է: Եթե օրենքը չի փոխվել, ուրեմն ոչինչ չպիտի փոխվի:

Դատական համակարգի նկատմամբ այն ճնշումը, որը գործադրվեց պարոն Փաշինյանի կողմից, երբեւիցե չի եղել: Միգուցե ընդհանուր առմամբ  եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի ժամանակ ճնշումը ավելի մեծ է եղել, սակայն քողարկված ճնշում է դա եղել: Բայց հիմա հրապարակայնորեն երկրի վարչապետը մատ է թափ տալիս, սպառնում է եւ ասում է, որ խելքներդ գլուխդ հավաքեք: Լավ վարչապետի շրջապատող իրավաբաններ չկա՞ն, չե՞ն ասում՝ չի կարելի նման արտահայտություն անել, դա հղի է շատ ծանր հետեւանքներով, ոչ թե իր համար, այլ նույն պետության համար: Պարոն Փաշինյանն ասում է՝ ո՞վ է այդ դատավորը, ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ, ու իմ նմաններ շատ են: Մենք չենք պատրաստվում ինչ-որ ճնշման ենթարկվել:  Պարոն վարչապետը թող օրը 15 000 անգամ կրկնի նույն բանը, որ ինքը  դատական գործընթացին չի միջամտում, արդեն միջամտել է: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ