Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։
Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ համարելով, որ դատավորի ընտանիքը ջերմ հարաբերություններ ունի փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Դատավորը, սակայն, նշել է, որ Արամ Օրբելյանի հետ իր կապերն այնքան խորը չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա։
Դատական նիստից հետո փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց միջնորդության իմաստը կայանում էր նրանում, որ եթե դատարանը կայացնի որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, մեղադրող կողմը անաչառության հարց չբարձրացնի։
«Կարևորը, որ մենք մեր մասով արեցինք այն, ինչ պետք է անեինք»,- ասաց Հայկ Ալումյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են դատավորը պարզաբանի, թե ինչ կերպ է միջնորդությունների քննումը հանձնվել իրեն։ Դատավորը պարազաբանել է, որ այն հանձնել է դատարանի նախագահը։ Դատարանի նախագահը հունվարի 15-ին կնշի իրավական հիմքերը։ «Կստանանք պարզաբանումներ և կհասկանանք՝ արդյո՞ք այդ հիմքով ուզում ենք ինքնաբացարկ հայտնել։ Դատարանի կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա»,- պարզաբանեց Հայկ Ալումյանը։ Դատական նիստը կշարունակվի հունվարի 15-ին, ժամը 11-ին։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի նիստին․ «նպատակահարմար չի համարում»։
«Ես տեսնում եմ, որ դատավորներն ամենևին ցանկություն չունեն այս գործը քննել և բոլոր հնարավոր տարբերակներով խուսափում են»,- ասաց Ալումյանը՝ հավելելով՝ «Ինձ այդպես է թվում, որովհետև տեսնում եմ ինչ հսկայական ճնշում կա այս գործով դատավորների նկատմամբ։ Դատավորը տեսնում է, որ պետք է օրենքով անի, օրենքով որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, բայց նա տեսնում է, թե ինչեր կլինեն, եթե ինքը որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Այս դիլեման է, որ դատավորներին ստիպում է գործից խուսափել․ ես այդպես եմ գնահատում իրավիճակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը