14 01 2019

Երրորդ ինքնաբացարկը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց և հետաձգվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխելու փաստաբանների և երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդությունների քննարկումը։

Երկրորդ նախագահի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Դատավորը հեռացել է խորհրդակցության սենյակ՝ ասելով, որ հեռախոսով կողմերին կփոխանցի որոշումը։

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի կամ նրա ընտանիքի և իմ միջև առկա որոշակի ընկերական կապը։ Այդ թվում՝ նաև նախագահի որդու հետ ես Կապանում բավականի երկար ընկերական շփում եմ ունեցել, համադասարանցիներ և ընկերներ ենք եղել»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Մեղադրող կողմն առարկել է՝ նշելով, որ Օրբելյանն ու դատավորն ընկերներ չեն։

Հիշեցնենք, որ սա գործով երրորդ ինքնաբացարկն է։

Նախ հունվարի 10-ին ինքնաբացարկ հայտնեց դատավոր Նելլի Բաղդասարյանը։ Այնուհետև գործը մակագրվեց մեկ այլ դատավորի, որը ևս ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ ինքը հերթապահող դատավորը չէ։ Այնուհետև մակագրվել է Արթուր Մկրտչյանին։

Արթուր Մկիրտչյանի անունը հայտնի է դատավարական սկանդալներով։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ևս մեկ բողոք է նախապատրաստվում՝ կապված գործի ձգձգման հետ։ Խոսքն այն մասին է, որ դատարանը կալանքը գրավով փոխելու միջնորդության քննումը նշանակել էր տարեվերջին և երեկոյան 5-ին՝ լավ իմանալով, որ մեկ ժամ անց աշխատանքային օրն ավարտվելու է։ Ու թեև նիստը պետք է տևեր այնքան, քանի դեռ միջնորդությունը չի քննվել, քանի որ միջնորդությունը քննվում է հրատապ, այնուամենայնիվ, գործի քննությունը ձգձգվել է։

Ինչ վերաբերում է հիմնավոր կասկածին, ապա, ըստ Օրբելյանի, դա բացակայում է, քանի որ 4 ամիս գտնվելով ազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի խոչընդոտել գործին։

Արամ Օրբելյանը հղում է անում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցին՝ նշելով, որ ըստ դրանց՝ կալանավորման հիմքը ոչ թե խոչնդոտումն է, այլ՝ ցուցմունք տալուն նպաստելը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ