14 01 2019

Փաստաբաններն ակցիա են անում՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի պաշտպանի

Փաստաբաններն ակցիա են անում՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի պաշտպանի

ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիաներ են։ Էջմիածնի քաղաքացիները բողոքի ցույց են անում՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Հավաքվել են նաև մի խումբ փաստաբաններ՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ի բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները վիրավորել էին Արսեն Մկրտչյանին, թքել ավտոմեքենայի վրա, ջուր լցրել, նաև՝ վնասել մեքենան։

Լրագրողների հետ զրույցում Արսեն Մկրտչյանն ասաց, որ հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն է տվել. «Իմ մեքենայի վրա թքած անձն այն անձն էր, ով հաջորդիվ հանդիպել է ԱԺ նորընտիր պատգամավորի հետ և Ջիվան Աբրահամյանի հետ քննարկում էին, թե այսօր ոնց են ճնշում գործադրելու դատարանի վրա: Հեղուկ լցնող անձին չեմ տեսել, կարող է չճանաչեմ»:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ ասաց․ «Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ փաստաբանի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ պայմանավորված իր մասնագիտական գործունեությամբ, վիրավորում են, թքել են մեքենայի վրա, ինչը մեզ անհանգստացնում է, որովհետև եթե փաստաբանն իրեն պաշտպանված չզգա, բնականաբար, դա լուրջ հարված է մեր պետականությանը: Մենք այստեղ ենք, որովհետև ցանկանում ենք  աջակցել մեր գործընկերոջը, և եթե կլինեն ցուցարարներ, խնդիրը լուծենք բանակցելու միջոցով: Խնդիրն այն է, որ, ցավոք, մի խումբ անձինք փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ»։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում կայացրեց 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ