ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել։ Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Իմ կարծիքով, արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսք գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցրել է, չկա։ Բոլոր հանգամանքները դատարանին հայտնի էին միջնորդությունը ներկայացնելու ժամանակ։ Դատարանը կարող էր ամսի 26-ին կամ 27-ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգեր մինչև այս օրը։
Ակնհայտորեն մենք տեսնում ենք արդարադտությունից խուսափելու դեպք»,- ասաց Օրբելյանը։
Նա ասաց, որ պետք է գործը վերամակագրվի և հույս հայտնեց, որ դա կարվի արագ։
Փաստաբանը նաև տեղեկացրեց ևս երկու դիմում Սահմանադրական Դատարան ներկայացնելու մասին՝ ասելով, որ դա կլինի առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ ևս մեկ դիմում է փաստաբանական խումբը ներկայացրել ՍԴ։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի մինորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին, պաշտպանական կողմն էլ առարկել էր։
Ինքնաբացարկի միջնորդության հիմքը, ըստ մեղադրող կողմի, այն է, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառավբանելով, որ իրենք ընտանիքներով բավականին երկար ժամանակ մոտ են եղել և չի ցանկանում կասկածներ առաջացնել իր անաչառության վերաբերյալ։ Պաշտպանական կողմն էլ նշում է, որ դրանք իրար հետ ուղղակի կապված խնդիրներ չեն, դատավորի անաչառությունը կասկածելի կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի գրչավցով ազատվելու կամ չազատվելու հարցն ինչ-որ ձևով անդրադառնար մյուս մեղադրյալի կարգավիճակին։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր, որ թեև միջնորդության քննությունը երկար չի տևի, սակայն նկատում է հարցի ձգձգում։ «Շատ շռայլ են ժամանակի նկատմամբ։ Երբ իրենք են միջնորդություն ներկայացնում, որպեսզի անձը կալանավորվի, պատրաստ են ամբողջ գիշեր դատավարություն անել, բայց երբ պետք է կալանքից ազատվի, կարող են 10 օրով նիստը հետաձգել կամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Սա ժամանակի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չէ, որովհետև իրենք չեն զգում, թե ինչ է նշանակում լինել կալանքի տակ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց մինչև հունվարի 9-ը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր և աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դեկտեմբերի 7-ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը