09 01 2019

Քոչարյանի կալանավորումը տեղի չի ունեցել արդարության ու օրինականության սկզբունքի վրա. Զարուհի Փոստանջյան

Քոչարյանի կալանավորումը տեղի չի ունեցել արդարության ու օրինականության սկզբունքի վրա. Զարուհի Փոստանջյան

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը տեղի չի ունեցել օրինականության սկզբունքը պահպանելու հիման վրա: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար և իրավաբան Զարուհի Փոստանջյանը:

«Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանավորումը դա դեռ պատիժ չէ ազատազրկման ձևով, և այս բոլոր նախնական կալանավորումներն իրենց մեջ պարունակում են ոչ թե արդար նպատակներ, այլ ընդհակառակը՝ բեմադրություններ են ներկայացնում: Արդեն ութ ամիս է անցել, այսպես կոչված, հեղափոխությունից, իսկ ես կասեի՝ տեղափոխությունից, և այդ գործերը պետք է արդեն լինեին դատարանում ծանրակշիռ մեղադրական եզրակացություններով», - ասաց նա, հավելելով, որ նման եզրակացություններ չկան:

 Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց նաև, որ Քոչարյանի գործի մանրամասներին տեղյակ չէ, բայց ըստ նրա նախնական կալանավորումը բացառիկ միջոց է, որին պետք է դիմել միայն բացառիկ պայմաններում:

 «Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ այդ նախնական կալանավորումները գործող իշխանություններն օգտագործում են իրենց քաղաքական շահերը հետապնդելու համար: Դա ցուցադրում են քաղաքացիներին որպես պատժի տեսքով միջոց, իսկ քաղաքացիները պետք է հստակ տարանջատեն՝ նախնական կալանավորումը՝ դա ազատազրկման ձևով պատիժ չէ», - ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը նաև անդրադարձավ երեկ տեղի չունեցած դատական նիստին, որը պետք է քններ իր հողմից հանցագործության մասին ներկայացված հաղորդումը՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից ապօրինությունների վերաբերյալ: Ըստ Փոստանջյանի դա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ որպես իշխանություն, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, որովհետև այդ եզրույթը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», դա հենց այդ համագործակցության մասին է խոսում»:

Զարուհի Փոստանջյանը նաև ընդգծեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ձեռքերում կենտրոնացված են մեծ լծակներ և դրանք նա օգտագործում է, ինչ ակնհայտ դարձավ գաղտնալսումների ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ