Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում, թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում և անձին ազատել պատժից:
Ստացվում է, որ վերջնական դատական ակտի բացակայության պայմաններում և նույն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը մի դեպքում կարող է ամբողջությամբ ազատվել պատժից, իսկ մեկ այլ դեպքում՝ նշանակված պատժաչափը համաներման արդյունքում կրճատվել:
Ըստ այդմ, Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ արձանագրելով, որ նշվածն առաջացնում է օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի խախտում, ինչպես նաև հակասում է Սահմանադրության՝ որոշակիության, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար օրենքներով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին: Դիմումում նշված հետևություններն ամրապնդված են միջազգային չափանիշների վերլուծությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը