07 01 2019

ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ իշխաննություններին

ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ իշխաննություններին

Սույն թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, չունենալով այլ ելք, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:

Հունվարի 3-ին, այսինքն ընդամենը մեկ օրվա ընթացքում, ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում և հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյո՞ք, ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։ Ավելորդ ենք համարում նշել, որ եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացման համար որոշիչ գործոն է հանդիսացել ծանրակշիռ բժշկական ապացույցների առկայությունն առ այն, որ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել Սամվել Մայրապետյանի բուժումը։

Առնվազն զարմանալ կարելի է այն փաստից, որ միջազգային ատյանը պատրաստ է մեկ օրվա ընթացքում կայացնել որոշում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մեջ գտնվող քաղաքացու առնչությամբ, իսկ հայրենի պետական մարմինը, որը կոչված է առաջինը պաշտպանելու իր քաղաքացու կյանքը և առողջությունը կամ առնվազն չխանգարելու իրացնել իր այդ իրավունքը, նախընտրում է ոչ միայն անտեսել վտանգի մեջ գտնվող քաղաքացու դիմումները, այլ նաև չկատարել օրենքով սահմանված իր պարտականությունը։

Հիշեցում. գործարար, Հ2 հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։

Ինչպես բազմիցս կանխատեսվել էր անվանի բժիշկ-մասնագետների կողմից, կալանքի տակ գտնվելու ընթացքում Մայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է ու ի հայտ է եկել նրա կյանքին և առողջությանը ուղղակի սպառնացող իրավիճակ։ Եվ քանի որ ՀՀ-ում հնարավոր չէ կազմակերպել նրա բուժումը, անհրաժեշտություն է առաջացել նրան շտապ տեղափոխել Գերմանիա։ Սամվել Մայրապետյանի փաստաբանները դիմել էին Հատուկ քննչական ծառայություն նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև երկրից մեկնելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի Սամվել Մայրապետյանը հնարավորություն ունենա հատուկ բուժում ստանալ Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է և որի հետ ձեռք է բերվել համապատախան պայմանավորվածություն։ ՀՔԾ-ին ուղղված Մայրապետյանի փաստաբանների դիմումները մնացել են անպատասխան, մինչդեռ ՀՔԾ-ն պարտավոր էր մինչև տոները անդրադառնալ կյանքի ցուցումով ներկայացված այդ դիմումներին ու կայացնել համապատասխան դատավարական որոշում։

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

Երևան

 07.01.2019թ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ