Գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին ներկայացրած միջնորդությունը կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Գրավի չափ է սահմանվել 30 միլիոն դրամը, որը վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին և Սամվել Մայրապետյանը ազատ է արձակվել:
Միաժամանակ հայտնում ենք, որ նախաքննական մարմնի նախաձեռնությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակներում կատարված լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է հիմնական հիվանդության մասով Սամվել Մայրապետյանի վիճակի կտրուկ վատթարացում և առկա է անհապաղ վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Սամվել Մայրապետյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, որտեղ գտնվում էր դատաբժշկական փորձաքննության նպատակով:
Բացի այդ, 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբան Բատիկյանի՝ Սամվել Մայրապետյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու դեմ բերված վերաքննիչ բողոքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը