ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմը մասնակի բողոքարկել է. «Իմ պաշտպանյալին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, խոսքը 190-րդ հոդվածի մասին է, իսկ դատարանը սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքների վերաբերյալ արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, իսկ ՀՀ ՔՕ 190 հոդվածով թեև արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն նշել էր, որ հիմքեր առկա չեն կալանավորելու»,-ասաց Ալեքսանյանը:
Նա հայտնել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով հիմնավոր կասկածի բացակայությունը:
Նշենք, որ դատախազությունն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը