ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2018թ. փետրվարին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ այցելության ժամանակ արձանագրել են, որ մեկ տարի առաջ փակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնը:
ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբից տեղեկանում ենք, որ քրեակատարողական հիմնարկում կային 5 անչափահասներ՝ 8-րդ և 9-րդ դասարանի կրթությամբ: Արդյունքում անչափահաս դատապարտյալները զրկվել են կրթվելու հնարավորությունից։
Դիտորդները գտնում են, որ պետությունը չի կատարում իր պարտավորությունը ազատազրկման մեջ գտնվող անչափահասների նկատմամբ՝ կրթության իրավունքի ապահովման տեսակետից։
Կրթական կենտրոնի առկայությունը կարևոր է նաև կանանց համար, որոնք հաճախ հայտնվում են անբարենպաստ վիճակում՝ անհրաժեշտ կրթություն ու հմտություններ չունենալու պատճառով: Բացի այդ, կրթության առկայությունը մեծապես նպաստում է անձի ուղղվելուն։
Վերոգրյալի հիման վրա 2018թ. փետրվարի 7-ին թիվ 18-13 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է քայլեր ձեռնարկել «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնի վերաբացման ուղղությամբ:
2018թ. փետրվարի 23-ին պատասխան գրությամբ նախարարությունից հայտնել են, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ընթանում են քննարկումներ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ այդ թվում նաև անչափահաս և կին դատապարտյալների կրթության իրավունքի ապահովման և արդյունավետ իրացման խնդրի լուծման նպատակով:
Միաժամանակ, ազատազրկված անձանց կրթության իրավունքի ապահովման և իրացման հարցով ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է ներկայացվել համապատասխան վիճակագրություն կալանավորված անձանց և դատապարտյալների՝ այդ թվում նաև անչափահասների կրթության հանրակրթական մակարդակի (հիմնական, միջնակարգ), նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանի, նախընտրելի վերապատաստման կարճաժամկետ ծրագրերի և կրթական մակարդակի ուսումնառություն անցնելու պահանջների վերաբերյալ՝ առաջարկ ներկայացնլու նպատակով:
Նաեւ նշել են, որ 2018թ. հունվարի 11-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հավելված 2-ի ՀՀ կառավարության 2018թ. գերակա խնդիրների շարքում ներառված է նաև անչափահաս դատապարտյալների հանրակրթության իրավունքի ապահովումը:
Դիտորդների խումբը 2018թ. դեկտեմբերի 5-ին թիվ 18-93 գրությամբ կրկին դիմել է արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ներկա դրությամբ անչափահաս դատապարտյալների հանրակրթության իրավունքը ինչպե՞ս է իրականացվում:
2018թ. դեկտեմբերի 13-ին նախարարությունից տեղեկացրել են, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության և գիտության նախախարի 2018թ. մարտի 21-ի թիվ 205-Ա/2 եւ 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1398-Ա/2 հրամանով հաստատվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված ազատազրման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային/կրթական ծրագիր):
Վերոգրյալի համատեքստում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու նպատակով:
Անհրաժեշտ ֆինանսավրումը հատկացվելուց հետո ՊՈԱԿ-ը 2019 թ.-ից կիրականացնի ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը