07 12 2018

Բողոքներ՝ համաներման ակտի կիրառման վերաբերյալ. ՄԻՊ

Բողոքներ՝ համաներման ակտի կիրառման վերաբերյալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Դիմումների և բողոքների հիմնական մասը վերաբերում է համաներման ակտի կիրառման շրջանակին։ Մի շարք ազատազրկվածներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։ Ազատությունից զրկվածների մյուս մասն էլ պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած անձանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին: Իրականացվել է առանձնազրույց նրանց հետ:

Որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ հարցեր են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաև բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց:

Արձանագրված մի շարք խնդիրներ տեղում քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ և անմիջապես ստացել լուծումներ: Բարձրացրած մյուս խնդիրների լուծման նպատակով ՄԻՊ իրավասության շրջանակում գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ