29 11 2018

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում



Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այժմ դատարանն ամեն ինչ սկսում է սկզբից՝ քննարկում է փաստաբանների բողոքներն ընդդեմ առաջին ատյանի դատարանի։

Նիստին մասնակցում է նաև գլխավոր դատախազը, սակայն այս պահին դատախազությունն ուշի-ուշով լսում է, արձագանքել-առարկելու իրավունք չունի։ Փաստաբանների բողոքից հետո դատախազությունը կներկայացնի առարկությունները, որից հետո միայն կքննվեն միջնորդությունները։

Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի դեմ նաև նոր ի հայտ եկած հանգամանքով։ «Երբ մենք առաջին ատյանում ներկայացրեցինք և վերաքննիչում մեր բողոքն ընդունվեց, դրանից հետո պարզվեց, որ առաջին ատյանի դատարանն իր որոշումը կայացրել է որոշակի ճնշումների ազդեցության տակ։ Երբ լսում ենք գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև, տեսնում ենք, որ այդ միջնորդությունը ներկայացված է եղել ոչ թե նրա համար, որպեսզի օրենքով նախատեսված նպատակներ հետապնդի՝ որպեսզի կանխվի անձի փախուստը կամ դատաքննությանը խոչընդոտելը, այլ պարզվում է, որ ներկայացված է եղել այն նպատակով, որպեսզի ստիպեն անձանց ցուցմունք տալ։ Ուղիղ խոսվում է այդ մասին։ Այսնիքն՝ միջնորդություններն օրինական նպատակ չեն հետապնդել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, որպեսզի դատարանն իրավունք ունենար Ռոբերտ Քոչարյանին կալանավորել, պետք է․ «Նախ ապացուցված համարեր, որ պարոն Քոչարյանն այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիությունից։ Եթե կապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր պետք է քններ՝ արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը կատարել է այն ամենը, ինչ-որ իրեն մեղսագրվում է։ Եթե այդ հիմնավոր կասկածը չկա, էլի ոչինչ չի քննարկվում, պետք է բաց թողմնվի։ Իսկ եթե կասկածն առկա է, դա էլ բավարար չէ, պետք է հիմնավորվի՝ պարոն Քոչարյանը գործի քննության ընթացքում եթե մնա ազատության մեջ, հնարավո՞ր է խոչընդոտի քննությանը կամ թաքնվի քննությունից։ Այս ամենից ոչ մեկը հաշվի չի առվել։ Եվ երբ մենք սեպտեմբերի 11-ից լսեցինք հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ պետերի, հասկացանք, թե դրա տակ ինչ է թաքնված եղել»։

Հայկ Ալումյանն ասաց, որ փաստաբանական թիմը ևս դժգոհություն ուներ վերաքննիչ դատարանի որոշումից, քանի որ իրենք համարում են՝ պետք է բաց չթողնվեր միայն անձեռնմխելիության հիմքով, պետք է իրենց բոլոր բողոքները քննվեին, որպեսզի այս շրջապտույտը չլիներ։

Հարցին, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը և մյուս փաստաբանները մամուլին մեկնաբանություններ չեն տալիս, փաստաբանը պատասխանեց․ «Մեզանից ոչ մեկն այս գործով առանձնապես չի սիրում մեկնաբանություններ տալ՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են հետևում, երպեսզի իրենց նյութի տակ եղած քոմենթները լինեն ցենզուրայի սահմաններում։ Մենք որոշեցինք, որ էդ պարտականությունեը՝ մեկնաբվանություններով հանդես գալու, ես անեմ»։

«Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին։ Այս տեղեկության վերաբերյալ հարցին Ալումյանը պատասխանեց․ «Ես էսօր տեղեկացա էդ հրապարակմանը և դատական նիստի ժամանակ բարձրացրեցի։ Քանի որ իրավունք չունեմ դատավորին հարցեր ուղղելու, դրա համար ներկայացրեցի որպես հայտարարություն և ասացի, որ շատ կուզեի, որպեսզի դատավորը մեկնաբանություն անի։ Ես ասացի, որ առայժմ երկու նման հրապարակում է եղել և երկուսն էլ վերջում հաստատվել են։ Բայց երևէ արձագանք, մեկնաբանություն դատավորի կողմից չեղավ»։

Հայկ Ալումյանն ասաց, որ վերջերս ճնումները բոլոր դատարանների նկատմամբ ակնհայտ են։ «Չի կարելի մարդկանց մոտ թշնամանք առաջացնել դատավորների նկատմամբ։ Ճնշումներն այն չէ, որ միայն բաղրամյան 26-ից հանձնարարեն, բայց հիմիկվա ճնշումներն աննախադեպ են։ Դրանք դրսևորվում են դատավորներին պիտակավորելով։ Ես հասկանում եմ, որ մեր վարչապետն ունի շատ մեծ հեղինակություն և ուրախ եմ դրա համար։ Բայց երբ բնակչության մեծամասնությունը նրան հավատում է, նրա կողմից դատարաններին և առանձին դատավորներին պիտակավորելը մեծ վտանգ կարող է լինել։ Հասարակության մեջ ատելություն է ձևավորվում այն դատավորի նկատմամբ, որը որոշում է օրենքը կիրառել և պարոն Քոչարյանին ազատ արձակել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ վստահություն չկա, որ կառավարության ղեկավարն ինչպես հանրությանը տարավ ԱԺ-ն պաշարելու, նույնը չի անի դատարանների նկատմամբ։

Ներկայացվող տեսանյութում Վերաքննիչ դատարանի օրվա անցուդարձն է՝ ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ