28 11 2018

Ստելուց բռնել ենք

Ստելուց բռնել ենք

Կա մոտավոր շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, բայց չկան փաստական ապացույցներ: Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, որի ժամանակ ԱԱԾ-ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում։ «Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվել է տեղեկատվություն, սակայն, ցավոք, չի լինում փաստագրել, ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, քանի որ մարդիկ, որոնք արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն ու իրավապահ համակարգը ջանք չեն խնայելու այդ գործը բացահայտելու համար։ Նրանք շատ լավ պատրաստված են եղել ու հետք չեն թողել, որով կարող ենք մեղադրանք առաջադրել»,-ավելացրեց Վանեցյանը։ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ գաղտնալսման ձայնագրությունը հրապարակվել է Իսպանիայից. «Պատահական չէ, որ սեպտեմբերի 6-ից գաղտնալսման տեսաձայնագրությունը եղել է համացանցում, սակայն հանրության լայն շրջանակին է ներկայացվել սեպտեմբերի 11-ին: Պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու, բայց հետք չթողելու համար պետք է շատ զգույշ գործել։ Ժամանակն իր տեղը կդնի ամեն բան»,- ասաց Վանեցյանը:

Մինչդեռ հոկտեմբերի 16-ին ԱԱԾ ղեկավարը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ պարզվել է շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել, բայց գաղտնալսման եղանակը դեռ հայտնի չէ: «Պատվիրատուները Հայաստանից են: Լայն ճանաչում ունեցող անձնավորություն է: Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելն ու հիմնավորելը շատ բարդ է, որն այս փուլում չի լինում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ