16 10 2018

Քանի անկեղծ ենք խոսում, ասեմ․ Արթուր Վանեցյանը սիրտը բացեց



Հոկտմբերի 16-ին Կառավարության նիստից հետո լրագրոների հետ ճեպազրույցում ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց մի շարք հարցերի:

Տեսանյութն առաջարկում ենք դիտել գրեթե ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ հատվածներ պատասխաններից:

Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրվել է քննչական վարչություն, որպես վկա:

Արմեն Ավետիսյանը չի ունեցել այն գումարները, որոնցով կառուցվել են այդ հյուրանոցները: Դա արդեն բավարար հիմք է այդ մարդուն մեղադրանք ներկայացնելու համար: Այդ գործը հիմնավորված գործ է:

Մենք չենք ասել, որ Քոչարյանի ընտանիքը կապված է հյուրանոցների հետ:

Իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստերով, այլ էմոցիոնալ։ Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը և փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի։ Սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել։

Ես ասել եմ, որ կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում եղած զենքերը օգտագործվել են մարտի 1-ի դեպքեի ժամանակ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ զենքերը առընչություն չունեն մարտի 1-ի հետ:

Ֆելիքս Ցոլակյանն իմ քավորը չէ:

Գարեգին Բաղրամյանը եղել է ՀԾԿՀ վարչության պետ, սկսել է առաջատար մասնագետից և հասել այդ պաշտոնին: Ես որևէ առընչություն չունեմ իր նշանակման հետ:

Ես լիազորություն չունեմ, որ որևէ մեկին առաջարկեմ այս կամ այն պաշտոնին նշանակվելու:

Գարեգին Բաղրամյանը իմ բաջանաղն է եղել դեռ վարչությունում աշխատած տարիներին:

Պարզվել է շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել, գաղտնալսման եղանակը այս պահին հայտնի չէ: Պատվիրատուները Հայաստանից են: Լայն ճանաչում ունեցող անձնավորություն է: Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելն ու հիմնավորելը շատ բարդ է, որն այս փուլում չի լինում:

Երբ մարդը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորները, որպեսզի կարողանան ավելի էժան կապ ապահովել, օգտվում են տարբեր ինտերնետային հեռախոսային ուղիներից, IP-տելեֆոնիա կոչեցյալից։ Ես եղել եմ ռոումինգում և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէր, այսինքն՝ չի գաղտնագրվել ու այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումն իրականացնել:

Գաղտնալսման շարժառիթը եղել է իմ հրաժարականը: Փորձում են իմ և ԱԱԾ վարկանիշը գցել:

Բովանդակության մասով կարող եմ պարզաբանումներ տալ բոլորին և միշտ։ Քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես և Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ։ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես։ Մենք մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տևել և այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն։ Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, ասել եմ՝ «ուզես-չուզես պետք է տաս», դա էլ եմ ուզում պարզաբանել։ Արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան է, ես ասում եմ Հրաչ։ Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»:

Ես դատավորի հետ չեմ խոսել և առհասարակ չեմ խոսում:

Տարոն Մարգարյանը հարցաքննվեց և ընդունեց, որ Երևան հիմնադրամում եղել են որոշակի բացթողումներ:

Երևան հիմնադրամի տնօրենը 1 մլրդը վճարել է, մյուս մասը կվճարի շուտով:

Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ գործ, ունեցավածքի մասով: Քննությունը շարունակվում է և եթե կհիմնավորվի, որ դա ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, ապա գործին ընթացք կտրվի:

Քննություն է տարվում նաև «Փյունիկ» և «Բիայնա» հիմնադրամների շրջանակներում, որտեղ Երևան հիմնադրամից գումարներ են փոխանցել:

Ես հակված չեմ մարդկանց տանել-լցնել բերդերը:

Դա խայտառակ պարտություն էր: Մեր ազգային հավաքանակը գնվում է ոչ ամենալավ վիճակում:

Հայաստանում կա ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնց մեծամասնության որակական հատկանիշների վերաբերյալ ես և պրոֆեսիոնալ ֆուտբոլային մասնագետներն ունենք կասկածներ:

Մենք պետք է զարգացնենք մասսայական ֆուտբոլը:

Օվշորային կազմակերպություն ունենալը հանցագործություն չէ: Օվշորային կազմակերպությունը դա բիզնեսի գործիք է:

Ես չգիտեմ՝ Քոչարյանը արտերկրում բիզնես ունի՞, թե՝ ոչ:

Ուժային կառույցները միշտ աշխատում են արտակարգ ռեժիմով, մենք կատարում ենք մեր պարտականություններն օրենքի շրջանակում և կատարելու ենք շատ բարեխիղճ և շատ լավ:

Մենք միշտ այն տեսակետին ենք, որ չպետք է թուլանալ, և մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի ՀՀ տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում:

Թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ