28 11 2018

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատարանի կազմը որոշվել է օրենքի կոպիտ խախտմամբ․ Փաստաբան



Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մամուլից է տեղեկացել, որ վերաքննիչում գործը քննող դատավորի անունը որոշվել է վիճակահանությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ օրենքով վիճակահանություն նախատեսված չէ։

«Դատավորը երեկվա նիստին հաստատեց վիճակահանությունը։ Մենք միջնորդեցինք այդ վիճակահանության արձանագրությունը ներկայացնել, քանի որ ցանկացած գործողություն պետք է նյութական վկայություն ունենա։ Դատավորն ընդմիջում հայտարարեց, հեռացավ, հետո վերադարձավ և ասաց, որ էդպիսի արձանագրություն չկա։

Հետո ինքն այլ պարզաբանումներ տվեց, որոնք ավելի սաստկացրեցին կասկածները։ Ասաց, որ թեև վիճակահանություն եղել և ինքն է քաշել թուղթը, բայց ես չգիտեմ՝ երբ դատարանի նախագահն ինձ է հանձնարարել՝ վիճակահնության արդյո՞ւնքն է նկատի ունեցել, թե այլ չափանիշի հիման վրա։ Էդպես նա ավելի մեծ անորոշություն մտցրեց, թե ինչ չափանիշների մասին է խոսքը»,- ասաց Հայկ Ալումյանը։

Փաստաբանները, դատավորի առաջարկով, պարզաբանմամբ դիմել են դատարանի նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով վիճակահանության արձանագրությունն ու դատավորի ընտրության հարցում կիրառած չափանիշների մասին տեղեկություն։

«Դատարանի նախագահի պաշտոնակատարը հաստատեց, որ վիճակահանություն եղել է, արձանագրություն չկա և գրեց մի բան, որն իմ կարծիքով շատ լուրջ հակասություն ունի։ Ասաց, որ որոշվել է պատահականությամբ և դատարանի ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա։ Եթե պատահականությամբ է, ուրեմն չէր կարող ծանրաբեռնվածությունը հաշվի առնվել։ Սրանք հակասում են իրար։ Ստեղծվեց էսպիսի անլուրջ-անորոշ բան»,- հավելեց փաստաբան Ալումյանը։

Փաստաբանը վկայակոչեց եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին կետը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը․ «Դա միայն չի նշանակում, որ վերաքննիչ քրեական դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա կամ յուրաքանչյուր դատավոր պետք է պաշտոնի նշանակված լինի օրենքի հիման վրա։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում երբ ստեղծվում է դատավորների կազմ՝ որևէ գործ քննելու համար, յուրաքանչյուր դեպքում կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա։ Մենք դատավորին ցույց տվեցինք, որ գոյություն չունի այն ընթացակարգը, որը կիրառվել է»։

Դատախազությունը, ըստ Ալումյանի, չեզոք դիրքորոշում է հայտնել, իսկ քննիչը միացել է պաշտպանվող կողմին՝ ասելով, որ չի կարող գործը քննել տվյալ դատավորը։ «Իմ կարծիքով, քննիչը դա արեց, որ ստեղծի պատրանք, թե երկու կողմն էլ դատավորից դժգոհ են։ Սա տակտիկական բան է, որ սովորաբար արվում է։ Երբ մի կողմը դատավորից դժգոհ է, իսկ մյուս կողմն ուզում է, որ այդ գործը դատավորը քննի, ինքն էլ իր կողմից է դժգոհություն արտահայտում էդ դատավորից, և անձին թվում է, թե էդ դատավորն ամենաօբյեկտիվն է, եթե երկու կողմն էլ նրանից դժգոհ են»,- ասաց փաստաբանը։

Լրագրողի հարցին, թե կալանավորելու կանխակալ որոշո՞ւմ կա, փաստաբան Ալումյանը պատասխանեց․ «Թատրոնը սկսում է կախիչից, հենց էնտեղից, երբ վերարկուդ հանում ես։ Եթե գործի քննությունը սկսում է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք ոչ մի ակնկալիք չունենք, որ էս գործի ավարտը կարող է լինել օրինական։ Դրա համար մենք որոշեցինք դատավորին ինքնաբացարկ հայտնել, և քննի այն կազմի կողմից, որն օրենքի չափանիշներով է սահմանվել»։

Ալումյանը նաև ասաց, որ եթե օրենքով ձևավորված կազմը լինի նույնը, գուցե իրենք որևէ խնդիր չտեսնեն դատավորի անձի հետ կապված։

Փաստաբանը նաև ասաց, որ դատարանը դեռ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը չի էլ քննարկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ