«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղարանքի մեջ կենտրոնական դեր է խաղում արտահայտությունը, որ փետրվարի 23-ից մարտի 1-ը Հայաստանում սահմանված է եղել փաստացի ռազմական դրություն։ Դա նշանակուկմ է, որ հրամանագրով ռազմական դրություն սահմանված չէ, բայց փաստացի գործում է ռազմական դրության վիճակ»,- վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Մեր փաստարկն այն է, որ ռազմական դրությունն օրենքով է նախատեսված, ռազմական դրությունը բաղկացած է 20 կոմպոնենտից, որոնցից որևէ մեկը գոյույթուն չի ունեցել փետրվարի 23-մարտի 1-ը։ Այսինքն՝ փաստացի ռազմական դրություն չկար ու չէր կարող լինել»,- հավելեց Հայկ Ալումյանը։
«Նաև մեկ այլ բան․ մեղադրանքի մեջ նկարագրվում է, իբրև մարտի 1-ի ցույցը, որը ցրվել է ուժի կիրառմամբ, եղել է բացառապես խաղաղ և անզեն։ Սակայն մենք վկայակոչել ենք տասնյակից ավելի դատական ակտեր, ուժի մեջ մտած դատավճիռներ, որտեղ հստակ գրված է, որ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը։ Դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են, որոնք պետությունը չի կարող դնել կասկածի տակ, քանի դեռ այն օրինական ուժի մեջ է գտնվում։ Ուժի մեջ մտած դատավճիռները քննչական մարմինը դրել է կասկածի տակ՝ մեղադրանքի մեջ նշելով դրանց ուղղակիորեն հակասող փաստարկ»,- փաստաբան Ալումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը