22 11 2018

Իրավական վեճ՝ ԲԴԽ անդամի և փաստաբանի միջև

Իրավական վեճ՝ ԲԴԽ անդամի և փաստաբանի միջև

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարել էր, որ ԲԴԽ անդամ դառնալուց հետո էլ Հայկ Հովհաննիսյանը շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելված է օրենքով: Այս մասին պարզաբանում է տարածել Հայկ Հովհանիսյանը:

«Դատարանների հանդեպ հանրային ցածր վստահությունից բողոքելիս մեր քաղաքացիները պետք է առերեսվեն նաև փաստաբանների մասնագիտական և մարդկային որակների հետ:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության առիթով մեր հանրությանն ու հայ ժողովրդին, որի առջև երդվել եմ, հայտնում եմ հետևյալը.

• Խնդրո առարկա փաստաբանական ընկերությունում իմ բաժնեմասն ամբողջությամբ հանձնել եմ հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից,

• Նշված բաժնեմասն ամբողջությամբ օտարել եմ գործընկերներիս ս.թ. սեպտեմբերի 20-ից (որպիսի գործարքը գրանցման է ներկայացվել պետռեգիստր, և տվյալները թարմացված են):

Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը ստանձելու պահից՝ ս.թ. ապրիլի 9-ից, ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվել (տե՛ս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 5-րդ հոդվածը):

Հաշվի առնելով, որ իմ ողջ գիտակից կյանքում լծված եմ եղել մեր հայրենիքում իրավունքի գերակայության ապահովմանն ու իրավական պետության կառուցմանը, պատրաստվում եմ.

• դիմել ՀՀ Փաստաբանների պալատ՝ սույն փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով,

• դիմել դատարան` պահանջելով հերքել զրպարտությունն ու վճարել փոխհատուցում:

Հարգանքով՝

Հայկ Հովհաննիսյան»,-նշել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ