Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնից:
Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ 2018 թվականի ընթացքում հարուցվել է 125 քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է մեկ վարույթ: Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ, 312.1-րդ, ինչպես նաև 178-րդ, 179-րդ, և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։
ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում 2018թ. նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմում է 555.165.544 դրամ, որից վերականգնվել է 42.000.000 դրամը:Պետությանը պատճառված վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների 18 բանկային հաշվի, 35 միավոր անշարժ գույքի և 6 միավոր ավտոմեքենայի վրա:Մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ՓԲ ընկերության 21 և թիվ 1 «Ինտերնատ» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցի: 1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
4 Քրեական գործով որոշում է կայացվել՝ գործով վարույթը կարճելու մասին, որից 2-ը՝ ոչ արդարացնող հիմքերով՝ ՀՀ քրեական դատավարության 37-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքերով, իսկ 2-ը՝ արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով:Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 674.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ կատարված չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները պարզելու և վերականգնման ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը