Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նոյեմբերի մեկին՝ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ Սահմանադրությունը հնարավորություն էր տալիս Ազգային ժողովն արձակել առանց երկու անգամ վարչապետ չընտրելու:
«Ավելի խորը սահմանադրությունն ուսումնասիրելու դեպքում անպայման հարց կառաջանար՝ ինչու որոշ հոդվածների փոփոխությունը թողնվեց խորհրդարանին, որպեսզի հնարավոր լիներ ավելի հեշտացնել այսպիսի իրավիճակներում իրավաչափ ելքերը: Խորհրդարանը կարող էր իր կամ կառավարության, կամ էլ 150 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ փոփոխություն կատարել 92 հոդվածում, դա թողնված է խորհրդարանին: Եվ ավելացներ նաև այն դրույթը, որ եթե իրավիճակն այնպիսին է, որ անհնար է ձևավորել կայուն մեծամասնություն, նույնպես ԱԺ-ն արձակվում է»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նրա խոսքով՝ և՛ Սահմանադրության փոփոխությունը, և՛ վարչապետ չընտրելով ԱԺ-ի արձակումը քաղաքակիրթ և սահմանադրական ճանապարհներ են: Գագիկ Հարությունյանը նշեց, որ եթե խորհրդարանում չի լինում կայուն մեծամասնություն, դա վկայում է սահմանադրական հավասարակշռության խախտման մասին, ինչն էլ կարող է բերել լուրջ սահմանադրական ճգնաժամի:
«Խաթարվում է իշխանության բոլոր թևերի միջև սահմանադրորեն նախատեսված հավասարակշռությունը: Եթե առաջնային մանդատ ունեցող մարմինն ի վիճակի չէ դա շտկելու, պետք է դիմի իշխանություն կրողին՝ ժողովրդին և ժողովուրդն այս պայմաններում պետք է ձևավորի նոր խորհրդարան՝ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ, որը կայուն զարգացման երաշխիքն է:
Այսինքն, եթե խորհրդարանի ներսում կայուն մեծամասնության երաշխավորումն անհնարին է, ապա անխուսափելի են դառնում արտահերթ խոհրդարանական ընտրությունները: Իսկ սահմանադրությունը նախատեսել է՝ ինչ ճանապարհով պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը