Մի շարք խնդիրներ կան, որոնք կուտակվել են տարիներով, առաջնային է մրցակցային արդարադատության ստեղծումը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Հավանաբար նախկինում էլ շատերը լսել են, որ ՍԴ նախագահ եղած ժամանակ առիթներ շատ եմ ունեցել հայտարարելու, որ մենք դատարաններ ունենք, արդարադատություն չունենք։ Ցավոք սրտի, մոտիկից ծանոթացումը բացահայտեց, որ վիճակն ավելի մտահոգիչ է, քան նույնիսկ հնարավոր է ենթադրել»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
«Արդարադատությունը պետք է մոտեցվի բնակչությանը և լինի մրցակցային։ Երբ ուսումնասիրեցինք, թե մարզերում ինչ վիճակ է, տեսանք նստավայրեր, դատավորներ, դատական գործերի բաշխում, ակնհայտ է, որ այստեղ հայտարարվել է մի սկզբունք, բայց գործել է մեկ այլ սկզբունք։ Մրցակցային դատավարության փոխարեն մաքսիմալի է հասցվել սուբյեկտիվ գործոնը, այսինքն՝ գործերը բաշխվել են դատարանի նախագահին, նա էլ իր սուբյեկտիվ հայեցողությամբ դրանք տվել է այս կամ այն դատավորին և ստացվել է հասցեական արդարադատություն, որն էլ կոռուպցիոն ռիսկերը մեծացնում է»,- ընդգծեց ԲՀԽ նախագահը։
Ըստ Հարությունյանի՝ պետք է գործերի բաշխումը լինի էլեկտրոնային համակարգի միջոցով: Անդրադառնալով հարցին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս կամ այն քրեական գործի շրջանակում իրեն զանգում են դատավորներ, որպեսզի գործի ընթացքը հասկանա՝ նա ասաց.
«Եթե որևէ մեկը զանգում է գործադիր մարմնին, ապա պետք է ԲԴԽ-ն այս մասին տեղյակ լինի, որպեսզի համապատասխան որոշում կայացնի։ Մենք փորձում ենք ինչ-որ բան պարզել՝ ելնելով այդ խոսակցություններից։ Բնականաբար, տվյալ դեպքում բոլորը հրաժարվում են՝ ասելով, որ իրենք չեն զանգել և ալն։ Բայց եթե խոսակցություններ կան, իսկ մի լավ խոսք կա, որ առանց կրակ ծուխ չի լինում, հնարավոր է, որ ինչ-որ մակարդակով զանգեր լինում են։ Իհարկե, դա դատապարտելի, հակաօրինական երևույթն է, դա հակասում է ոչ միայն Դատական օրենսգրքի պահանջին, այլև մեր՝ ապրիլի 12-ի որոշման պահանջին։ Ե՛վ զանգողը, և՛ զանգ ստացողը պարտավոր են ԲԴԽ-ին տեղյակ պահել դրա մասին, որպեսզի մենք կարողանանք համապատասխան վերաբերմունք արտահայտել»,- ասաց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություններից հետո Դուք չե՞ք փորձում կապ հաստատել, հասկանալ՝ ով է եղել այդ դատավորը, Գագիկ Հարությունյանը պատասխանեց․«Մենք որևէ ձևով լիազորություն չունենք ծառայողական քննություն իրականացնելու։ Բայց խնդիրն այն չէ, որ մենք ծառայողական քննություն իրականացնենք, քանի որ օրենքը հստակ պահանջում է, որ ԲԴԽ-ն պետք է տեղյակ լինի այդ մասին»:
Վերջինս գտնում է, որ այս պահին նման երևույթները նվազել են, քանի որ արդեն իսկ նաև այդ մասին խոսակցություններ են նվազել։ Հարությունյանը նկատեց, որ վերջին խոսակցությունը կապված էր ՀՀ 2-րդ նախագահի և Յուրի Խաչատուրովի խափանման միջոցների հետ, ինչն իրենք ուսումնասիրել են։
«Այդ դեպքում դատավորը հայտնի էր և մենք հետաքրքրվեցինք։ Դատավորը բանավոր, հետո պահանջեցինք նաև գրավոր, ներկայացրեց, որ ինքը որևէ կոմունիկացիա չի ունեցել, որևէ մեկին չի զանգել։ Հետո, երբ արդեն ՀՔԾ քրեական գործ բացեց և քննում է, այսքանով մենք ավարտեցինք»,- եզափակեց Գագիկ Հարությունյանը։
Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ նա նշեց, որ անհնարին է մի բանի մասին կարծիք ասել, որը չգիտես՝ ինչ է:
ԲԴԽ նախագահը նկատեց, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է մասնագիտացված այլ դատարանների ստեղծումը։ Այս համատեքստում էլ Հարությունյանը կարծում է, որ կարող է ստեղծվել մասնագիտացված դատարան՝ հակակոռուպցիոն կամ սահմանադրական պատասխանատվության, սահմանել կառուցակարգային լուծումներն ու փոխհարաբերություններն այլ ատյանների հետ։
«Այս դեպքում սա ոչ թե գործող համակարգի փոխարեն կլինի, այլ լրացում՝ այն հավելյալ խնդիրների լուծման համար, որոնք առաջացել են անցումային շրջանում։ Այստեղ խնդիրը ոչ թե տերմինի մեջ է, այլ առաջացած կոնկրետ խնդիրների լուծման համարժեք գործիքակազմ ընտրելու»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը