27 10 2018

Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել և դիմել Փաշինյանին

Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել և դիմել Փաշինյանին

Հոկտեմբերի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալներից 11-ն անժամկետ հացադուլ են հայտարարել։ Նրանք խնդրագրով դիմում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Հարգելի պարոն Փաշինյան, ստիպված հայտարարելով անժամկետ հացադուլ` դիմում ենք Ձեզ ցմահ դատապարտված կալանավորներս։ Շատ տարիներ մենք հույսներս չէինք կորցնում, որ իշխանության կգա մի այնպիսի մարդ, ով կունենա սիրտ, հոգի և խիղճ։ Հարգելի պարոն Փաշինյան Ձեզ դիմում ենք մեկ անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներս, ինչի համար ամեն օր ներում ենք խնդրում Աստծուց։

Խնդրում ենք նաև Ձեզ, մեր ցմահի վճիռները ներում շնորհելով փոխարինել տարիների՝ ինչքան որ նախատեսում է սպանության հոդվածը»,- գրված է նամակում։

Նրանք նշել են, որ միանգամից ազատություն չեն պահանջում, այլ խնդրում են ներել և ցմահի ստատուսը հանել իրենց վրայից։

«Արդյո՞ք մեկ անձի սպանության համար դատապարտված մարդուն հնարավոր չէ տեղավորել 20 տարի պատժաչափի մեջ։ Եթե այն ժամանակ, երբ մենք դատապարտվում էինք, գործեր 20 տարի պատժաչափի օրենքը, մենք ցմահ չէինք դատապարտվի»,- գրել են ցմահ դատապարտվածները` նշելով, որ իրենցից շատերն ամուսնացել են կալանքի ժամանակ և ունեն փոքր երեխաներ, շատերն էլ ցանկանում են ընտանիք կազմել, բայց ազատության մեջ։

«Հարգելի պարոն Փաշինյան մեր դիմացկունությունը սպառվել է անարդար վիճակից։ Թեկուզ ուշացումով՝ մենք սկսեցինք մեր բողոք-խնդրանքի ձայնը բարձրացնել, և պատրաստ ենք գնալ մինչև վերջ հանուն մեր երեխաների և հարազատների»,- գրել են Նուբարաշեն ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ